Բաժիններ՝

Թրամփը կոչ է արել՝ իր դստերը Հիլարի Քլինթոնի հետ չհամեմատել անձնական փոստի օգտագործման հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել՝ իր դստեր ու խորհրդականի՝ Իվանկայի կողմից անձնական փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու հետ կապված պատմությունը չհամեմատել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ շուրջ ծագած սկանդալի հետ, որը Պետդեպարտամենտի ղեկավար եղած ժամանակ, խախտելով կանոնակարգը, օգտագործել է անձնական փոստային սերվերը:

Թրամփը պարզաբանել է, որ նամակները, որոնք իր դուստրն աշխատանքի բերումով ուղարկել է իր անձնական փոստարկղից, «գաղտնի տեղեկատվություն չեն պարունակել, ի տարբերություն նրանց, որոնք փոխանակել է Հիլարի Քլինթոնը»:

«Եվ դրանք չէին հեռացվել, ի տարբերություն Հիլարի Քլինթոնի, որը 33 հազար նամակ է ջնջել: Իվանկան ոչինչ չի արել այդ գրագրությունը թաքցնելու համար, դրանք գտնվում են նախագահական արխիվում»,- պատմել է պետության ղեկավարը: Նա նաեւ լրագրողներին հավաստիացրել է, որ «Իվանկան կկարողանա ինքն իրեն պաշտպանել»:

Նոյեմբերի 19-ին The Washington Post թերթը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրներ, գրել էր, որ Իվանկա Թրամփը երկար ժամանակ անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել է ամերիկյան կառավարության անդամների եւ Սպիտակ տան աշխատողների հետ ծառայողական գրագրության համար՝ խախտելով կանոնակարգը:

Աղբյուրների տվյալներով՝ 2017 թվականի մեծ մասի ընթացքում Իվանկան փոստի օգնությամբ, որը գրանցված է իր ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ ընդհանուր դոմենում, քննարկել է Սպիտակ տանն իր աշխատանքի հետ կապված հարցեր: Թերթը, հղում անելով իրադրությանը ծանոթ անձանց, նշում է, որ Իվանկայի օգնականները ցնցված էին՝ իմանալով, թե պետության ղեկավարի դուստրն ինչ չափերով է անձնական փոստից օգտվել աշխատանքային համատեքստում:

Իվանկայի իրավախորհրդատու Փիթեր Միրիջանյանը հայտարարել է, որ նա, իրոք, անձնական փոստն օգտագործել է ծառայողական նամակների փոխանակման համար, սակայն դա կանոնավոր բնույթ չի կրել եւ տեղի է ունեցել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ծանուցվել գործող կանոնակարգի մասին։

Այս հարցն առանձնակի ուշադրություն է գրավում, քանի որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստի օգտագործման հետ կապված սկանդալն էր Թրամփի գլխավոր «հաղթաթղթերից» մեկը 2016 թվականի նախընտրական արշավում, որը, դիտորդների կարծիքով, թույլ տվեց նրան ի վերջո Քլինթոնից առաջ անցնել նախագահական աթոռի համար մրցավազքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս