«Կառավարությունն այս փուլի համար կատարել է իր խոստումները, բացառությամբ մեկից՝ իշխանության վերադարձը ժողովրդին». Քաղտեխնոլոգ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում և դրան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմն ամբողջությամբ կատարել է ժողովրդին տված խոստումները։
Ըստ նրա, ժողովրդին խոստացել էին, որ Հայաստանում արտոնյալ մարդիկ չեն լինի, կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություներ, արմատախիլ կարվեն ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան և կոռուպցիան, ինչպես նաև իշխանությունն ամբողջությամբ կվերադարձնեն ժողովրդին, Փաշինյանի խոսքով՝ այսօր բոլոր այս խոստումները կատարել են։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությանը, նշեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կառավարությունն այս փուլի համար կատարել է իր խոստումները, բացառությամբ մեկից՝ իշխանության վերադարձը ժողովրդին, ինչը դեռևս լիակատար չէ։
Ըստ նրա, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններով արդեն կարելի է ասել, որ օրենսդիր մարմնում իշխանությունն ամբողջությամբ կվերադարձվի ժողովրդին։
«Սա լիակատար չէ, քանի որ մենք դեռևս չգիտենք, թե դեկտեմբերի 9-ին ինչպիսի ընտրություններ են տեղի ունենալու, եթե անցկացվեն ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ, ինչի հավանականությունը 99 տոկոս է, ապա կարող ենք ասել, որ այս փուլի համար խոստումները կատարվել են։ Իսկ հետո արդեն, երբ նոր կառավարություն կձևավորվի, և եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ինչը շատ հավանական է, կբերի նոր ծրագիր, այդ ժամանակ էլ կտեսնենք, թե իր տված հաջորդ խոստումներն ինչպես է կատարելու»,- ասաց Արմեն Բադալյանը։
Անդրադառնալով կոռուպցիան արմատախիլ անելու Ն. Փաշինյանի խոստումներին, քաղտեխնոլոգը նկատեց, որ կոռուպցիան միշտ էլ լինում է, պարզապես դրա աստիճանն է տարբեր լինում։ Երկրներ կան, որ ունեն կոռուպցիայի բարձր աստիճան, որոշ երկրներում էլ մակարդակը շատ ցածր է։
«Չեն կարող կոռուպցիան 100 տոկոսով արմատախիլ անել։ Կարող ենք ասել, որ մեզանում կոռուպցիայի մակարդակն այս շրջանում իջել է։ Որպեսզի կոռուպցիայի վերացումը լինի ինստիտուցիոնալ, անհրաժեշտ է իրականացնել շատ ավելի մեծ գործողություններ։ Այսօր ավելի շատ վարչապետի անձնական հսկողությամբ է կոռուպցիայի դեմ պայքար մղվում, եթե վաղն այլ մարդ դառնա վարչապետ, տեսականորեն չի բացառվում, որ կոռուպցիայի մակարդակը բարձրանա»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի Գեղարքունիք կատարած այցին, ինչը շատերը բնորոշեցին՝ որպես քարոզարշավ, ապա, քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ այն և՛ աշխատանքային այց էր, և՛ քարոզարշավ։
«Որպես վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի գնալու մարզեր և ունենալ հանդիպումներ, բայց այժմ, երբ ինչ-որ չափով մեկնարկել է արդեն քարոզարշավը, կարելի է ասել, որ այն նաև քարոզարշավ էր։
Նիկոլ Փաշինյանը գլխավորում է «Իմ քայլը» դաշինքը, և սա մի այնպիսի փուլ է, երբ երկրի ղեկավարը նախընտրական փուլում որևէ տեղ է գնում, չենք կարող հստակ տարանջատել՝ այն վարչապետի ա՞յց էր, թե՞ քաղաքական ուժի ղեկավարի այց, այս դեպքում երկուսն էլ կար»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակից, նա նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկությունը լինելու է ոչ թե նախընտրական ցուցակում ընդգրկված մարդկանց, այլ առաջին հերթին՝ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի օգտին։
«Այդ ցուցակում ընդգրկված մարդկանց որևէ մեկը չի խանգարում իրականացնել ակտիվ և գրագետ քարոզարշավ և դրանով ավելի շատ ձայներ փոխանցել իրենց քաղաքական ուժին։ Եթե կարողանան լինել մրցունակ և իրականացնեն ակտիվ քարոզարշավ, ապա մարդկանց կողմից դաշինքին տրվող ձայների քանակն ավելի շատ կլինի»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։
Զվարթ Խաչատրյան