Զոհրաբ Մնացականյանը խիստ վտանգավոր է համարում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը
Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում խիստ վտանգավոր երևույթ է: Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Մեր երկիրը գտնվում է շատ զգայուն տարածաշրջանում, որտեղ կա չլուծված հակամարտություն, և խաղաղության ու կայունության հասնելը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտի ձևավորումը մեզ համար կարևորագույն խնդիրներ են: Այս պայմաններում սպառազինությունների մրցավազքը խիստ վտանգավոր երևույթ է»,- նշել է Մնացականյանը:
Նա ընդգծել է, որ երբ հայկական կողմն իր գործընկերներին դժգոհություն է հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ, շեշտվում է այն հանգամանքը, որ Հայաստանը չի կարող այդ փաստին անդրադառնալ զուտ որպես սովորական գործարքի: «Դա զենք է, որը խլում է մեր հայրենակիցների, զինվորների ու քաղաքացիական բնակչության կյանքը: Հետևաբար, այսպիսի պայմաններում սպառազինության մրցավազքը մեր տարածաշրջանում շատ վտանգավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջին հերթին առնչվում է մարդկանց, խոսքը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության մասին է, և մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց անվտանգությունը»,- հայտարարել է ԱԳՆ նախարարի պաշտոնակատարը:
Նա նշել է, որ ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել հայկական կողմի մարտունակությունը և վճռականությունը` գործել որպես այդ մարդկանց անվտանգության երաշխավոր: «Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ հատուկ ընդգծում եմ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: