Եվրամիությունը պաշտպանում է սաուդացի լրագրողի սպանության մեղավորներին պատժելու միջոցները
Եվրամիությունը պաշտպանում է այն «անհրաժեշտ միջոցները», որոնք նպատակամղված են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության բոլոր մեղավորներին պատժելուն: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործի հետ կապված զարգացումներին եւ պաշտպանում ենք այն անհրաժեշտ միջոցները, որոնք կերաշխավորեն, որ լրագրողի սպանության բոլոր մեղավորները պատիժ կկրեն եւ որ նման իրադարձություններն այլեւս չեն կրկնվի»,-ասել է նա:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մահապատիժ է պահանջելու Խաշկոջիի սպանության հինգ մեղավորների համար: Գլխավոր դատախազության տվյալներով՝ լրագրողին թագավորություն վերադարձնելու համար կազմվել էր 15 մարդուց բաղկացած օպերատիվ խումբ, որոնք պատասխանատու էին բանակցությունների, հետախուզության եւ լոգիստիկայի համար: Ինչպես պարզել է հետաքննությունը, սպանության անմիջական կատարողները հինգն են, ինչը նրանք խոստովանել են հարցաքննության ընթացքում:
Գլխավոր հյուպատոսության շենքում ծեծկռտուք է սկսվել, զոհին կապել են եւ մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկել, ինչը հանգեցրել է մահվան, հայտնել է դատախազությունը: Զոհի մարմինը սպանությունից հետո մասնատվել է եւ դուրս բերվել գլխավոր հյուպատոսության շենքից:
Նշվում է, որ միջադեպի պահին «անջատված էին արտաքին դիտարկման տեսախցիկները» դիվանագիտական ներկայացուցչության շուրջը: Գլխավոր դատախազությունը նաեւ հաստատված է համարել այն, որ Խաշկոջիին վերադարձնելու առաքելության ղեկավարը սպանության որոշում էր ընդունել:
Հենց նա էլ հետախուզության ղեկավարի նախկին տեղակալին կեղծ հաշվետվություն էր ներկայացրել այն մասին, որ Խաշկոջին հեռացել է գլխավոր հյուպատոսության շենքից՝ նրան վերադառնալ համոզելու փորձերի ձախողումից հետո: Մինչդեռ էր Ռիադի վարկածն արդեն խիստ քննադատության են ենթարկել թուրք փորձագետներն ու թուրքական ԶԼՄ-ները: ԱՄՆ-ում ուսումնասիրվում է Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, ներառյալ այդ երկրին զենքի մատակարարման արգելքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: