Ժնևի աճուրդում Pink Legacy հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառել են 50 մլն դոլարով
19 կարատ քաշով Pink Legacy հազվագյուտ վարդագույն ադամանդը նոյեմբերի 13-ին Ժնեւում Christie՚s-ի աճուրդում վաճառել են 50 մլն դոլարով: Նախնական կարգով այն գնահատել էին 30-50 մլն դոլար։ Աճուրդների տան հաղորդագրության համաձայն, թանկարժեք քարը գտնվում էր Օփենհեյմերների ընտանիքի հավաքածուում, որը հիմնադրել է Anglo American ոսկի արդյունահանող կորպորացիան եւ De Beers ալմաստ արդյունահանող ընկերության կառավարիչն է:
Ուղղանկյունաձեւ երեսակման ադամանդը, որը մասնագետները գնահատում են գույնի հագեցվածության բարձրագույն կատեգորիայով, ամենավառ վարդագույն ադամանդն է, որը երբեւիցե դրվել է Christie՚s-ի աճուրդում: Առեւտրի տան թանկարժեք իրերի դեպարտամենտի ղեկավար Ռախուլ Քադակիի խոսքով՝ «թանկարժեք քարի բացառիկ բնութագրերը եւ ծագումը այն դարձնում են աշխարհի մեծագույն ադամանդը»:
Ավելի վաղ Christie՚s-ի աճուրդներում վաճառքի են հանվել միայն չորս վառ վարդագույն ադամանդ՝ ավելի քան 10 կարատ քաշով: Անցյալ տարվա նոյեմբերին Հոնկոնգի աճուրդում ռեկորդային գնով՝ գրեթե 32,5 մլն դոլարով, վաճառվել է Pink Promise բացառիկ վարդագույն ադամանդը: Ժնեւի աճուրդի նախաշեմին Pink Legacy-ը ցուցադրել են Հոնկոնգում, Լոնդոնում եւ Նյու Յորքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: