Ինչո՞ւ են գործադուլ հայտարարել Գյումրու երկաթգծի կայարանի աշխատակիցները
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երեկվանից գործադուլ են հայտարարել. ոչ մի դեպո գնացք չի սպասարկել, որովհետև կրճատվել է հավելավճարների չափը:
168.am-ի հետ զրույցում աշխատակիցները հայտնեցին, որ «Հարավկովկասյան երկաթուղին» 25 տոկոսի փոխարեն հավելավճար 10 տոկոս է փոխանցել իրենց հաշվեհամարներին, այնինչ աշխատանքային պայմանագրերում գրված է, որ եթե աշխատակիցն իր առջև դրված պլանը կատարում է, ապա պարգևատրվում է աշխատավարձի 25 տոկոսի չափով:
Նրանց փոխանցմամբ՝ հավելավճարների չափը նվազել է սեպտեմբերից, իսկ իրենք հաճախ են բախվում այս խնդրին.և՛ պահումներ են արվել, և՛ նվազեցրել են աշխատավարձը: Բողոքել են, արդյունքում երկու կողմն էլ զիջումների է գնացել ու այդպես շարունակ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում ղեկավարության և աշխատակիցների միջև և որոշակի հայտարարի դեռ չեն եկել:
Անի Կարապետյան