Բաժիններ՝

«Չի կարող 50 տարվա մեխանիզմը նորմալ աշխատել». «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն

Այսօր ԱԺ գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը ներկայացրեց գազի ոլորտում առկա իրավիճակը և սակագնի փոփոխության հարցում իր տեսակետը:

Ըստ նրա՝ այսօր սահմանին գազի վաճառքի գինը 255 դոլար է, սպառողը ստանում է 139 դրամով: Թադևոսյանի խոսքով՝ ընկերության համար միևնույն է, թե խոշոր ու մանր սպառողներին ինչքանով կվճառեն գազը և, եթե ընդհանուր միջինացվի գինը, ապա 124 դրամ կլինի բոլորի համար:

«Մեր ծախսերն ավելի շատ են, քան մենք կարողանում ենք մուտքեր ապահովել»,- ասաց նա:

Ընկերության ղեկավարը նշեց, որ այս տարվա ընթացքում ավարտվում են գործող բոլոր պայմանագրերի ժամկետները, ընթանում են բանակցություններ գնի ձևավորման շուրջ, երբ դրանք ավարտվեն, իրենք կներկայացնեն իրենց գնային առաջարկը:

Կարդացեք նաև

Հ. Թադևոսյանը հայտնեց, որ ներկայումս կորուստները 6.69% է, որից՝ 2.5%-ը բաշխման համակարգում է: Նրա հավաստմամբ՝ նույնիսկ եվրոպական երկրներում անհամամեմատ բարձր են կորուստները:

Հ. Թադևոսյանը դժգոհեց, որ համակարգը վատ վիճակում է, շահագործվող սարքավորումները հնացած են. «Չի կարող 50 տարվա մեխանիզմը նորմալ աշխատել»:

Նրա խոսքով՝ փոփոխություններ կատարելու սահմանգիծը 2025 թվականն է, իսկ դրա համար պետք է պահպանել սակագնային քաղաքականությունը:

Նա նշեց, որ այդ ժամկետում կորուստները նախատեսվում է նվազեցնել մինչև 1.5%, ինչը նորմալ է:

Հ. Թադևոսյանը նշեց, որ ընկերության շահույթն առանց հարկերի 8% է. «Պետք է ապահովել այնպիսի շահութաբերություն, որ կարողանանք համակարգի զարգացումը ոչ թե ռեսուրսի օգտագորման հաշվին իրականացնել, այլ կարողանանք զարգացնել»:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ տարիներ առաջ գազի համակարգում կորուստները 5.37% էր և հարցադրում արեց, թե ինչպե՞ս է եղել, որ այժմ ավելի բարձր է, արդյոք ներդրումներ արվե՞լ են կորուստների կրճատման համար:

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը հայտնեց, որ այդ կորուստները եղել է այն ժամանակ էներգետիկայի և հարկային մարմնի հաշվարկը, որը երբեք չի համապատասխանել փաստացի կորուստների հետ, հետո այդ հրամանում փոփոխություն է կատարվել և կորուստները պետք է սահմանվեն ըստ ՀԾԿՀ մեթոդոլոգիայի, որի համաձայն ցուցանիշը շատ ավելի շատ է ստացվում, քան ընկերությունն է ներկայացնում:

«Այդ բոլոր փաստաթղթերը մեզ մոտ կան, նորմատիվային կորուստը սահմանվել է 2012թ., այդ հրամանը եղել է էներգետիկայի նախարարի և հարկային պետական ծառայության ղեկավարի միջև համատեղ հրաման, որի նպատակը եղել է փաստացի կորուստների օրինականացումը, իսկ հարկայինի պետը երկար ժամանակ հրաժարվում էր ստորագրել, որովհետև դա բերում էր հարկերի նվազման»,- ասաց Մ.Մելքումյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե այս նիստին գալուց ագրեսիվ էր տրամադրված, բայց մի փոքր ագրեսիան նվազեց, որովհետև Թադևոսյանի զեկույցից տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե իրենք պետք է ժողովրդին օգնեն, այլ ժողովուրդն իրենց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս