«Հայաստանը չպետք է Իրանի հետ հարաբերություններից որևէ հետքայլ կատարի. դա կլինի կոպտագույն սխալ». Վարդան Ոսկանյան
«ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը կիրառում է միակողմանի՝ դուրս գալով միջազգային պայմանագրից, ինչը ենթադրում է, որ խախտվել է նաև միջազգային համաձայնությունը, որը պատմական էր գնահատվում ԱՄՆ-ում»,- այսօր «Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները և Հայաստանի համար դրանց հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ըստ իրանագետի՝ Իրանը շարունակում է հարաբերություններ պահպանել Եվրամիության և նույնիսկ ԵՄ-ից դուրս եկող և ԱՄՆ-ի դաշնակից համարվող այնպիսի երկրի հետ, ինչպիսին Մեծ Բրիտանիան է։ «Այս իմաստով՝ ԵՄ-ն նույնիսկ դեմ է գնում Միացյալ Նահանգների քաղաքականությանը՝ փորձելով ստեղծել մեխանիզմներ, որոնք ԵՄ երկրներին հնարավորություն կտան շրջանցել, չենթարկվել կամ հնարավորինս նվազեցնել ԱՄՆ պատժամիջոցները»,- ասաց նա։
Այս համատեքստում հայկական դիրքորոշումը, ըստ Ոսկանյանի՝ կարող է համահունչ լինել հենց Եվրամիության երկրների դիրքորոշումներին. «Հայաստանը կարող է ներկայանալ՝ որպես ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող պետություն, որը չի պատրաստվում խաթարել իր հարաբերություններն Իրանի հետ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով։ Քաղաքական առումով՝ ես չեմ կարծում, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերություններից որևէ հետքայլ պետք է կատարի, դա կլինի կոպտագույն սխալ՝ հաշվի առնելով մեր ազգային և պետական շահերը: Եվ կարծես մեր իշխանության, ընդդիմության մեջ և հասարակական մակարդակում այդ ընկալումը կա»։
Ոսկանյանի խոսքով՝ Իրանի հետ աշխատող հայկական ընկերությունները կարող են չաշխատել ԱՄՆ-ի հետ, և հակառակը. «Ես չեմ կարծում, թե Հայաստանում հսկայական թվով ընկերություններ կան, որոնք գործակցում են մի կողմից՝ Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ գործակցությանը, ապա Իրանի ներկայիս նախագահի թիմի որոշակի թև կարծիք ունի, որ այդ քաղաքականությունը պետք է տարվի մտրակի և քաղցրավենիքի տրամաբանության շրջանակներում։ Դատելով զանազան կողմնակի ցուցիչներից՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը միանալու է Իրանի դեմ պատժամիջոցներին։ Մենք պետք է գերակտիվ արտաքին քաղաքական ուղղություն վարենք, ընդ որում՝ այնպիսի ուղղություններով, որոնք անսպասելի կլինեն մեր հակառակորդների համար, իսկ այդպիսի ուղղություններ կան»։