Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Աբրահամյանը
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ: Ընտրված Լևոն Աբրահամյանն ազգագրագետ է, պատմական գիտությունների թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ:
Վերջինիս անունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ գրելով. «Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»։
Հիշեցնենք, որ մինչ այդ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանն էր՝ Սերժ Սարգսյանի եղբայրը: