ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպաններին

ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Դանիայի դեսպան Ռուբեն Մեդսենին (նստավայրը՝ Կիև), Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմին (նստավայրը՝ Թբիլիսի) և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի)։

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, այդ թվում՝ ներդրումների խրախուսման հնարավորությունները, հատկապես՝ ուշադրություն դարձնելով շրջակա միջավայրի պաշտպանությանը, աղբահանության կառավարմանը, Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և էներգաարդյունավետությանը վերաբերող ծրագրերին։ Արսեն Գասպարյանն առաջարկել է խրախուսել դանիական, շվեդական և ֆիննական ընկերություններին ներգրավվել վերոնշյալ ոլորտներում իրականացվող ծրագրերում։ Կողմերը քննարկել են Հյուսիսային էկոլոգիական ֆինանսական կորպորացիայի (Nordic Environment Finance Corporation) և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Արսեն Գասպարյանն առանձնացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ որպես արագ զարգացող ոլորտ, որը կարող է համագործակցության լավ հարթակ հանդիսանալ։ Այս համատեքստում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակոնենը հայտնել է դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում կայանալիք ՏՏ ոլորտի ստարթափների միջազգային համաժողովի մասին՝ առաջարկելով խրախուսել հայկական ընկերություններին մասնակցել այդ համաժողովին։

Քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորութ­յունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով դանիական փորձին։ Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ Նշվել է, որ ժողովրդավարության հաղթանակն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճանապարհ են հարթում տնտեսական նոր հնարավորությունների համար։

Հաշվի առնելով հյուսիսային եվրոպական երկրների՝ հատկապես Շվեդիայի և Ֆինլանդիայի հարուստ ավանդույթները տափօղակով հոկեյի բնագավառում՝ Արսեն Գասպարյանը խրախուսել է նպաստել Հայաստանում մանկապատանեկան հոկեյի զարգացմանը՝ անվանի հոկեյիստների ու մարզիչների կողմից Հայաստանում վարպետության դասերի, ինչպես նաև համագործակցության այլ ծրագրերի միջոցով։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, սիրիական ճգնաժամին և Սիրիայում Հայաստանի կողմից մարդասիրական առաքելությանը վերաբերող հարցերի։

Տեսանյութեր

Լրահոս