«ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրելիս չի՞ նայում, թե ում է նախարար նշանակում. գոնե ասի՝ մի հատ անձնական գործերը բերեք, տեսնեմ՝ ով է». Հրաչ Բերբերյան
«Երբ Համաշխարհային բանկի վարկերը մենք ստանում էինք, իմացանք, որ մի բանկ գյուղացու համար նախատեսված վարկը տվել է տաքսի սերվիսներին։ Այսինքն՝ գյուղացին պետք է ցածր տոկոսներով վարկ ստանար, բայց տաքսի սերվիսներն էին ստանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Հետաքրքրվեցինք, թե գյուղացու համար նախատեսված վարկն ինչպե՞ս կարող էին տաքսի ծառայություններին տալ։ «Բայց ինչո՞ւ եք զարմանում, դա դեռ վարկ էր ու պետք է վերադարձնեին, բա որ գյուղացու համար նախատեսված գրանտներն են ուտո՞ւմ»,- ի պատասխան՝ ասաց նա։
«Հստակ գրված է, որ գրանտը գյուղատնտեսության համար է, իսկ չրի արտադրությունն արդեն վերամշակում է։ Չրի մշակումը, պահածոյագործությունը, գինեգործությունը սննդարդյունաբերություն են, գյուղատնտեսություն չեն։ Իհարկե, փոքր ֆերմերները կարող են զբաղվել, բայց որ ֆերմերի գրանտը վերցնում՝ քո անձնական բիզնեսի մեջ ես դնում, ի՞նչ հասկանանք։ Արդարացում չկա սրան։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանձնաժողով են ստեղծելու, ստուգեն, բայց ստուգելու բան չկա։ Եթե հանձնաժողով է ստեղծվում, կազմում անկախ մարդիկ պետք է լինեն, որ օբյեկտիվ ստուգեն, այսինքն՝ չվախենան՝ դիմացինն ով է»,- ընդգծեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը։
Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Գևորգյանին նախարարի պաշտոնում առաջարկել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշվում է, որ այս տարվա ապրիլի 15-ին Գևորգյանի ղեկավարած ԾԻԳ-ն Ավինյանի ղեկավարած ընկերությունից ստացել է հայտ՝ ավելի քան 25 մլն դրամ ֆինանսական աջակցություն պահանջող բիզնես նախագծի համար: Այնուհետև ԾԻԳ-ը որոշում է կայացրել բավարարել Ավինյանի ընկերության հայտը և վերջինիս հոր անունով գրանցված «Իրիգեյթս» ընկերությանը փոխանցել 35 միլիոն դրամ, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ Դատախազության մակարդակում պետք է հարցը դրվի, ոչ թե հանձնաժողով ստեղծվի. «Փաստացի եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, ոնց ուզում են՝ մեկնաբանեն դա։ Ավինյանն այդ ընկերության բաժնետիրությունից դուրս է եկել հունիսին, իսկ գրանտը ստացել է, երբ արդեն փոխվարչապետ էր։ Իսկ փաստաթղթերը ԾԻԳ-երում հնարավոր է հնացնել կամ թարմացնել»։
168.am-ի հետ զրույցում Հրաչ Բերբերյանը նշել էր, որ 4 քրեական գործը վրան՝ մարդը դառնում է նախարար, սակայն հրաժարվել էր անուններ նշել։ Հարցին՝ ի վերջո, ո՞ր նախարարի մասին է խոսքը, նա պատասխանեց.
«Ես չեմ ուզում անուններ տալ, բայց Վերահսկիչ պալատը հստակ իր կայքում տպել է այդ բոլորը, սարսափելի խախտումներ, գումարների փոշիացում է եղել։ Թե հիմա ո՞նց այդ մարդը կարող է պետական միջոցները փոշիացնելուց հետո նախարար աշխատել, չգիտեմ։ Պարոն Փաշինյանը պետք է կադրերի ընտրության հարցում հետևողական լինի։ Կամ հանրապետության նախագահը հրամանագիր ստորագրելիս չի՞ նայում, թե ում է նախարար նշանակում։ Գոնե ասի՝ մի հատ անձնական գործերը բերեք, տեսնեմ՝ ով է, Լոնդոնի ո՞ր փողոցներում է մի քանի ամիս ման եկել։ Թուրքի հայացքով էլ նկարվում են. թուրք են, մի օր էլ երկիրը կծախեն, կգնան»։
Հիշեցնենք, որ երբ ներկայիս գյուղնախարար Գեղամ Գևորգյանը Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էր, Վերահսկիչ պալատը ստուգումներ էր կատարել նրա ղեկավարած հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել եզրակացության, որ ընդհանուր առմամբ ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:
Մասնավորապես` կոոպերատիվների հետագա գործունեության և գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրագործվել, չեն ներդրվել շահառուների կողմից ծրագրի միջոցով ձեռք բերված գույքի օգտագործմամբ ունեցած արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգեր և ընթացակարգեր, ինչի հետևանքով` ԳԾԻԳ-ը հնարավորություն չի ունեցել գնահատելու ծրագրի կատարման արդյունավետությունը և օգտավետությունը:
ՎՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ գյուղկոոպերատիվների գործունեությունը կրում է ձևական բնույթ, և դրանք ստեղծվել են ոչ թե ռեսուրսների համատեղմամբ միասնական և արդյունավետ գործունեություն իրականացնելու, այլ գյուղտեխնիկա ունենալու համար: ՎՊ-ն փաստում է, որ վարկային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում