«Սա Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող նշանակումներից մեկն էր». Հրաչ Բերբերյանը՝ Գեղամ Գևորգյանի մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Մեր ընթերցողներին առիթ ունեցել ենք ներկայացնելու, որ Գ. Գևորգյանը զբաղեցնում էր նախարարության ենթակայության տակ գտնվող Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը (ստանում էր 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ)։

Նախկին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը անդրադառնալով Գևորգյանի 1.5 մլն դրամ աշխատավարձի վերաբերյալ հարցին՝ նշել էր, որ որտեղ հնարավորություն կա՝ պետք է մասնագետներին բարձր վարձրատրել։ Իսկ Գեղամ Գևորգյանն էլ լրագրողների հարցերին ի պատասխան՝ հետևյալն էր ասել. «Ցավն այն է, որ նախ՝ 1.5 միլիոն դրամ կեղտոտ աշխատավարձն է, երկրորդ՝ 15-20 րոպե ներկայացրինք, թե ինչքան ներդրում ենք բերել, բայց ոչ ոքի մոտ հարց չառաջացավ՝ ո՞նց եք այդ ներդրումը բերել։ Զուտ այդքանը»։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց Գևորգյանի ղեկավարած հիմնադրամի հետ կապված Վերահսկիչ պալատին ստուգումները, որոնք, ըստ նրա՝ որևէ լավ բան չէին ներշնչում։

Հիշեցնենք, որ թեպետ Իգնատի Առաքելյանը գոհ էր Գևորգյանի աշխատանքից և կարծում էր, որ նա արժանի է բարձր վարձատրության, սակայն ուշագրավ է, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է կատարել Գևորգյանի ղեկավարած հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել է եզրակացության, որ ընդհանուր առմամբ ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:

Կարդացեք նաև

Մասնավորապես` կոոպերատիվների հետագա գործունեության և գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրագործվել, չեն ներդրվել շահառուների կողմից ծրագրի միջոցով ձեռք բերված գույքի օգտագործմամբ ունեցած արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգեր և ընթացակարգեր, ինչի հետևանքով` ԳԾԻԳ-ը հնարավորություն չի ունեցել գնահատելու ծրագրի կատարման արդյունավետությունը և օգտավետությունը:

ՎՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ գյուղ. կոոպերատիվների գործունեությունը կրում է ձևական բնույթ, և դրանք ստեղծվել են ոչ թե ռեսուրսների համատեղմամբ միասնական և արդյունավետ գործունեություն իրականացնելու, այլ գյուղտեխնիկա ունենալու համար: ՎՊ-ն փաստում է, որ վարկային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ:

Հրաչ Բերբերյանը չգիտի՝ Գևորգյանն ինչ մասնագետ է, նրա մասին տեղեկացել է միայն Վերահսկիչ պալատի ստուգումներից բարձրացված աղմուկից հետո. «Նրա ղեկավարած հիմնադրամի կողմից որևէ տեսանելի արդյունք չեմ տեսել։ Այդ ժամանակաշրջանում ինչ-որ կոոպերատիվներ էին ստեղծվում, որոնց տեղը մինչև հիմա չենք կարողանում գտնել, շատերն ուղղակի լուծարվել են կամ չեն աշխատում, նաև լուրջ քանակությամբ տեխնիկա դուրս գրվեց, դա էլ այսօր չենք կարողանում գտնել։ Այսինքն՝ Համաշխարհային բանկի հսկայական գումարները մեր ունեցած ուսումնասիրություններով՝ այդքան էլ նպատակին չեն ծառայել»։

Ինչ վերաբերում է Վերստուգիչ պալատի ստուգումներին, Բերբերյանն ասաց, որ դա արդեն ցույց էր տալիս, որ լուրջ տնտեսական հանցագործություն է տեղի ունեցել. «Նույնիսկ իր սեփական տարածքը պետական հիմնարկից վարձով էր տվել»։

Թե ինչու հենց Գևորգյանին ընտրեց Նիկոլ Փաշինյանը, Բերբերյանը չգիտի. «Լավ կլինի՝ այդ հարցը տաք Նիկոլ Փաշինյանին։ Ամեն մեկն ընտրում է նրան, ում հետ ուզում է աշխատել։ Մենք 100 օր կտանք իրեն, կթողնենք, որ աշխատի, հետո նոր գնահատական կտանք։ Մեր միավորման կարծիքով՝ այս նշանակումը Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող նշանակումներից մեկն էր, բայց 100 օր կտանք նրան»։

Տեսանյութեր

Լրահոս