«Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն առանձին, ԼՀԿ-ի ցուցակով

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր հայաստան կուսակցության մասնակցության ձևաչափը։

Հայտարարության մեջ ասվում է.

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում Ելք կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև Ելք դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները՝ առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը, Հանրապետություն Կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել Լուսավոր Հայաստան Կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ Լուսավոր Հայաստանն իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։

Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում Լույս խմբակցության շրջանակներում:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Ելք դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը։

Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու։

Տեսանյութեր

Լրահոս