Արթուր Գևորգյանը փաստում է` բռնցքամարտիկներին կաշառում են Հայաստանի առաջնությանը չմասնակցելու համար
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը փաստում է` բռնցքամարտի երկրորդ ֆեդերացիան, որն օրեր առաջ է բացվել, կաշառում է մարզիկներին` առաջարկելով չմասնակցել Հայաստանի առաջնությանը:
«Որևէ այլ ֆեդերացիա, բացառությամբ այսօր Հայաստանի առաջնությունն անցկացնող ֆեդերացիայի, կապ չունի սիրողական բռնցքամարտի հետ: Լավ երևույթ չէ, որ նույն մարզաձևի երկու ֆեդերացիա կա, դրա արդյունքում կորչում է որակը: Բայց եթե մարզիկներն ուզում են մասնակցել աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, կամ Օլիմպիական խաղերին միակ ճանապարհը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան է և այս առաջնությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով` բռնցքամարտի մյուս ֆեդերացիան կաշառք է առաջարկել մարզիկներ, որ չմասնակցեն Հայաստանի առաջնությանը: «Այս կերպ այդ ֆեդերացիան պարզապես կործանում է, այդ երեխաների ապագան: Այս առաջնությանը չի մասնակցում Նարեկ Մանասյանը: Նրա հետ կապված մեր ֆեդերացիան բացառիկ ներդրում ունի: Ես հասկանում եմ, որ այդ քաշային կարգում լուրջ մրցակցություն կա և գուցե վախն է պատճառը նրա չմասնակցության»:
«Արմենպրես»–ի այն հարցին, թե Գևորգյանն ինչպես է տեսնում այս խնդրի հանգուցալուծումը, նա փաստեց. «Ինչպես այս ամենի հրահրող ՀԱՕԿ նախագահը բացել է նոր ֆեդերացիա և ճանաչում են այն: Ինչպես բացել են, թե այդպես էլ աշխատեն: Մի ֆեդերացիան իրավունք չունի մյուս ֆեդերացիայից բողոքի: Չկա մի տրամաբանությոն, որի միաժամանակ երկու ֆեդերացիա լինի»: