Ամերիկյան հանդեսը հողմացրիվ է արել Թրամփի «տնտեսական հաջողության» մասին առասպելը
ԱՄՆ-ի բնակիչների մեծամասնությունը կտրուկ վատթարացում է արձանագրում իր կյանքի բոլոր ոլորտներում Դոնալդ Թրամփի վարչակազմի տնտեսական քաղաքականության պատճառով: Այդ մասին հայտնել է Newsweek հանդեսը:
Երկրում Թրամփի իշխանության գալուց հետո համաշխարհային ֆոնդային շուկայում բում սկսվեց, սակայն այն ավելի ու ավելի է անկայուն դառնում առեւտրական պատերազմների պատճառով, որոնք ծավալվել են ԱՄՆ-ի նախագահների կողմից:
Արժեթղթերի ութսուն տոկոսը պատկանում է ամենահարուստ ամերիկացիների 10 տոկոսին, իսկ հասարակ բնակչությունը դրանից ոչ մի օգուտ չի ստանում: Թրամփի քաղաքականությունը նաեւ բացասաբար է ազդում գործարաններում աշխատողների վրա: Օրինակ՝ պողպատի վրա սահմանված սակագների պատճառով «Ֆորդ» կորպորացիան կորցրել Է մոտավորապես 1 մլրդ դոլար եւ հարկադրված է եղել հսկայական թվով աշխատողների ուղարկել չվճարվող արձակուրդ, նշում է հրատարակությունը:
Ինչպես վկայում են ԱՄՆ-ի առեւտրի նախարարության տվյալները, տնտեսական աճն ընթանում է ամբողջ թափով, 2018 թվականի երկրորդ եռամսյակում այն կազմել է 4,2 տոկոս: Բայց հասարակ ամերիկացիները դա եւս չեն զգում: Հաշվի առնելով գնաճը՝ աշխատավարձերը միայն մի փոքր են ավելի բարձր, քան 40 տարի առաջ, հայտարարում է հրատարակությունը:
Չնայած այն հայտարարություններին, որ գործազրկության մակարդակը նվազել է 2,7 տոկոսով, աշխատատեղերի մեծ մասը դադարել է հուսալի լինել, որովհետեւ յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին աշխատում է պարտավորագրով, այսինքն՝ իրավունք չունի օգտվելու հիվանդաթերթիկից, գործազրկության ապահովագրությունից, նվազագույն աշխատավարձից եւ տարբեր փոխհատուցումներից:
Մինչդեռ, ինչպես նշում է հրատարակությունը, սրընթաց աճում են բնակարանների գները, եւ բնակչության մեծամասնությունը ստիպված է իր աշխատավարձի մեկ երրորդը տալ որպես վարձավճար կամ հիպոտեկ: Ընդ որում՝ Սպիտակ տունը դրան արձագանքում է բյուջետային բնակարանների թվաքանակի կտրուկ կրճատմամբ, իսկ ԱՄՆ-ի բնակզարգացման նախարարը պահանջում է ավելացնել այն վարձավճարի չափը, որը մուծում են մունիցիպալ բնակարաններում ապրող աղքատ ընտանիքները:
Բացի այդ, սրընթաց կերպով աճում են առողջապահության ծախսերը, եւ Թրամփը, ի հավելումն դրա, խարխլում է Հասանելի բուժպասարկման մասին օրենքի հիմքերը, ինչի պատճառով արդեն շուրջ չորս միլիոն ամերիկացիներ են կորցրել բժշկական ահահովագրությունը: Բացի այդ, աճում է ենթակառուցվածքի զարգացման հետ կապված խնդիրների թիվը: Թրամփը խոստացել է 1,5 տրլն դոլար ծախսել քաղաքների արդիականացման համար, բայց արդյունքում նույն այդ գումարով նվազեցրել է խոշոր կորպորացիաների համար հարկերը, եւ այդպիսով բյուջեն զրկել ենթակառուցվածքը բարելավելու միջոցներից:
Newsweek-ն ավելացնում է, որ Թրամփի «տնտեսական հաջողության» վերաբերյալ հայտարարությունները կապված են տնտեսական աճի, ֆոնդային շուկայի, գործազրկության վերաբերյալ ընդհանուր տվյալների հետ: Բայց հասարակ բնակիչներն ապրում են իրենց անձնական տնտեսության պայմաններում՝ կապված կյանքի համար անհրաժեշտ միջոցներ ապահովելու հետ: Եթե նայենք ԱՄՆ-ի հասարակ բնակչության կենսամակարդակին, ապա կարելի է տեսնել, որ այն արագորեն ընկնում է:
«Դրանում մեղավոր է ոչ միայն Թրամփը: Դա սկսվել է դեռ մինչեւ նրա նախագահությունը: Բայց նա ոչինչ չի անումիրադրությունը շտկելու համար»,-ընդգծում է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: