Արցախ մեկնելուց առաջ «Սասնա ծռեր» կուսակցությունը պետք է դիմի Արցախի իշխանություններին

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից վերջերս ստեղծված «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները վերջերս հայտարարել են, որ նպատակ ունեն Արցախում ստեղծել քույր կուսակցություն և այդ նպատակով նախատեսել են այս տարվա նոյեմբերին ավտոերթով այցելել Արցախ։

Հիշեցնենք, որ 2015 թվականին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ավտոերթ էին կազմակերպել դեպի Արցախ՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսով, սակայն նրանց և Արցախի ոստիկանության միջև տեղի էր ունեցել միջադեպ, որից հետո Արցախի ոստիկանությունն ավտոերթի մասնակիցներին հորդորել էր այլևս  նման կերպ չմտնել Արցախ և առանց այդ էլ կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը չտանել ցնցումների։

Այն ժամանակ հայտարարությամբ հանդես եկան մի շարք քաղաքական ուժեր և հասարակական կազմակերպություններ՝  նաև Արցախի երիտասարդական կառույցները` ընդգծելով, որ օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով՝ տարաբնույթ միջոցառումների միջոցով կանխելու են հասարակությանը ապակայունացնող ցանկացած ուժի մուտքը Արցախ։

168.amի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով «Սասնա ծռերի»՝ Արցախ նախատեսվող այցին, ասաց, որ Արցախ մեկնելուց առաջ «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը պետք է դիմի Արցախի իշխանություններին։

«Այն, ինչ պետք է անի այդ կուսակցությունը, ոչ թե թմբկահարելով, շեփորներով ու դրոշներով պետք է գնա, այլ պետք է հաշվի նստի Արցախում օրինական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ։ Եթե այդ քայլին չգնա՝ տապալվելու է։ Չեմ ցանկանամ, որ տապալվի, և ինչ լինելու է՝ թող լինի օրենքի ներքո, հետագայում ժողովուրդը կորոշի»,- նշեց Լ. Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ գիտի այն գաղափարախոսությունը, որով շատերը ղեկավարվում են, այն է, որ Արցախը Հայաստանից տարանջատելը ձևական է՝ ամբողջ քաղաքականությունն է ձևական։

«Այդ ձևականության մեջ կան խաղի կանոններ, համաձայն են դրանց հետ, թե ոչ, սա այդ կուսակցության խնդիրն է։ Կողմ եմ, որ խաղի այն կանոնները, որոնք ընդունված են՝ իսկ սա նշանակում է, որ կա Արցախի և Հայաստանի հանրապետություններ, բոլորը՝ լինեն կուսակցություններ թե անհատներ, ենթարկվեն այդ խաղի կանոններին և հաշվի նստեն այդ իշխանությունների հետ։ Ցանկացած այլ քայլ՝ դա ադրբեջանական քաղաքականության իրականացումն է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս