«Երախտագիտությունս եմ հայտնում նաև այս երկրին, այս ժողովրդին մեծ հյուրընկալություն կազմակերպելու համար». Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվելը: Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ գագաթնաժողովի ելույթի ժամանակ իր երախտագիտությունը և հիացմունքը հայտնեց Հայաստանի Հանրապետությանը:
«Հայաստանի Հանրապետությունը համաձայնեց իր հարկի տակ հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Երախտագիտությունս եմ հայտնում նաև այս երկրին, այս ժողովրդին մեծ հյուրընկալություն կազմակերպելու համար»,-ասաց Ֆոստեն-Արկանժ Տուադերան:
Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը մեծ է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության համար, հատկապես համերաշխության, խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակույթների և լեզվական բազմազանության հաստատման, թվային տեխնոլոգիաների ներդրման, սոցիալ-քաղաքական իրավիճակի կարգավորման գործում:
«Այս 17-րդ գագաթնաժողովի թեման և կարգախոսը՝ «Ապրել միասին», իսկապես հույս է ներշնչում, հատկապես՝ երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերը պետք է կարևորվեն Կենտրոնական Աֆրիկայում»,-նշեց Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահը:
Նա նաև իր խորին ցավակցությունը հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: