ՀՀԿ-ականների վերջին վնասարարությունը. ինչու են ԵԽԽՎ-ում աշխատում ընդդեմ Հայաստանի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականներն օգտագործելով իրենց վերջին հնարավորությունները` խորհրդարանի լուծարումից առաջ փորձում են Նիկոլ Փաշինյանի կառավարության համար անհարմարություններ ստեղծել: Ու սա այն դեպքում, երբ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենք չեն խոչընդոտի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման` ՀՀ կառավարության նախաձեռնությանը:
Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ վեհաժողովի օրակարգում չնայած Հայաստանին վերաբերող հարց չկա, սակայն պատվիրակության անդամներն այս օրերն ու եվրոպացի գործընկերներին հանդիպելու հնարավորությունն ավելի շատ օգտագործում են քաղաքական նպատակներով:
Հաշվարկը պարզ է` անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ-ի ջանքերով ՀՀ-ի նկատմամբ իրականացվող մոնիտորինգի արդյունքում ԵԽԽՎ-ում նախ զեկույց պատրաստվի, այնուհետեւ ՀՀ իշխանությունների դեմ բանաձեւեր ընդունվեն:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողներից ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան վերջերս հայտարարություն էր տարածել` ըստ էության, կրկնելով ՀՀԿ-ականների փաստարկները: Ու եթե նրա գնահատականները տեղ գտնեն զեկույցում, ապա հնարավոր է այդ ամենին ավելի լուրջ «տեսք տալ»: Կա տեսակետ, որ այս գործում ներգրավված են ոչ միայն ՀՀԿ-ականները, այլեւ խորհրդարանական այլ խմբակցությունների ներկայացուցիչներ եւս:
Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է. «ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը»: Հենց դրա համար էլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանին գործուղել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանին, որպեսզի նա ճշգրիտ տեղեկատվություն փոխանցի օտարերկրացիներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: