Պատահար Երևանի կենտրոնում. կան տուժածներ
Հոկտեմբերի 11-ին`ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (շտապօգնությունը տեղում է):
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» (վարորդը՝ Է. Հ., ծնված 1993 թ.) և «VAZ-2101» (վարորդը՝ Հ., Ա., ծնված 1944 թ.) մակնիշերի ավտոմեքենաները, այնուհետև «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը:
Փրկարարներն Է. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդները հոսպիտալացվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները Է. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Ա.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: