Նոր խորհրդարանում կլինի երեք, առավելագույնը՝ չորս ուժ. հներից ո՞ր ուժերը կմնան ԱԺ-ում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներն ու խմորումները տիպիկ հետհեղափոխական երեւույթներ են հիշեցնում, ինչը սովորաբար իր հետ բերում է ոչ միայն նոր կուսակցությունների ստեղծման, այլեւ լուրջ վերադասավորումների: Եվ եթե մինչ հեղափոխությունը քաղաքական համակարգին ավելի բնորոշ էր ավտորիտարիզմը, որի հետեւանքով ձեւավորվել էր բազմակուսակցականության կեղծ համակարգ, ապա հիմա՝ հեղափոխությունից հետո, փլուզվել է նաեւ հին քաղաքական համակարգը եւ քաղաքական դաշտում վակուում է առաջացել:

Քաղաքագետի դիտարկմամբ, առաջիկա ընտրություններին խորհրդարանում կրկին 3, ծայրահեղ դեպքում՝ 4 կուսակցություն ներկայացված կլինի: Եվ ամենեւին էլ պետք չէ մտահոգվել, որ այս ընթացքում բավականին շատ նոր կուսակցություններ են գրանցվում, քանի որ դրանց մեծ մասն ընտրությունների ժամանակ կմաղվեն: Այլ հարց է, թե նախկին խորհրդարանական կուսակցություններից որոնք կմնան ապագա խորհրդարանում:

«Այստեղ հարցն այն է, թե նախկինում քաղաքական կյանքը տնօրինող ուժերը կկարողանա՞ն մնալ խորհրդարանում, թե՞ նորաստեղծ կուսակցությունները կզբաղեցնեն նրանց տեղը եւ կլրացնեն այն վակուումը, որը կա: Չնայած, պարզ է, որ ապագա խորհրդարանում 50 եւ ավելի տոկոսը ստանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ այն դեռեւս շարունակում է իր քաղաքական վերելքը: Եթե կուսակցությանը հաջողվի առաջիկա մեկ–երկու տարում սոցիալ–տնտեսական արդյունքներ արձանագրել, ապա կուսակցության վարկանիշը կշարունակի բավականին բարձր մնալ»,– ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետը չբացառեց նաեւ, որ ՀՀԿ-ն կարող է անգամ դուրս մնալ առաջիկա խորհրդարանից: Եվ դա գիտակցելով է, որ խորհրդարանը չլուծարելու համար ամենաշատն ինքն է պայքարում: Եվ եթե ընտրությունները տեղի ունենան մինչեւ դեկտեմբեր, ապա չի բացառվում, որ ՀՀԿ-ի փոխարեն խորհրդարանում հայտնվեն անգամ նոր ձեւավորված կուսակցությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս