«ՌԴ-ն և Ադրբեջանը հեռանկարային նախագծեր են իրագործելու Կասպիական տարածաշրջանում». Պուտին
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ակնկալում են, որ երկու երկրների ընկերություններն ակտիվորեն հեռանկարային նախագծեր կիրագործեն Կասպիական տարածաշրջանում, այդ թվում՝ նավթի ու գազի արդյունահանման ոլորտում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ակնկալում ենք, որ ռուսական եւ ադրբեջանական ընկերություններն ակտիվորեն կզբաղվեն Կասպիական տարածաշրջանում հեռանկարային նախագծերի իրագործմամբ, նախեւառաջ տրանսպորտի, բեռնափոխադրումների, նավթի ու գազի արդյունահանման, բնապահպանության եւ, անտարակույս, կենսառեսուրսների ոլորտում»,-Բաքվում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովում: Պուտինը հիշեցրել է, որ ռուսական էներգետիկական ընկերությունները հաջողությամբ են աշխատում Ադրբեջանի շուկայում:
«ԼՈւԿՕՅԼ-ը մոտավորապես 4 մլրդ դոլար է ներդրել Ադրբեջանի Էներգետիկական նախագծերում, իսկ «Տրանսնեֆտ»-ը ապահովում է ադրբեջանական նավթի հուսալի տարանցումը Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով»,-նշել է Պուտինը: Նա ընդգծել է, որ լավ հնարավորություններ կան ավտոմոբիլաշինության բնագավառում կոոպերացիայի խորացման համար:
«Ադրբեջանցի ներդրողները մասնակցում են Ռուսաստանի գյուղատնտեսական օբյեկտների շինարարությանը: Դրանց թվում է, օրինակ, ջերմոցային համալիրը Նիժնի Նովգորոդի մարզում, ներդրումները կազմել են ավելի քան 1 մլրդ ռուբլի, ինչպես նաեւ սննդամթերքի թողարկման համատեղ ձեռնարկությունը Կրասնոդարի երկրամասում»,-ասել է պետության ղեկավարը:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են շահերի հաշվեկշռի որոնման վրա: «Մենք միշտ էլ շահերի հաշվեկշիռ ենք փնտրում ու գտնում ենք այն»,-ասել է նախագահը: Պուտինը նշել է, որ ադրբեջանական շուկայում շուրջ 700 համատեղ ընկերություն է գործում Ռուսաստանի մասնակցությամբ, իսկ հանրապետությունում ուղղակի ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան մեկուկես մլրդ դոլար: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր:
«Մասնավորապես, ընթանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի ստեղծումը Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, որը կոչված է մոտեցնելու եվրոպական ու ասիական շուկաները»,-հիշեցրել է Պուտինը: