Բաժիններ՝

Նիկի Հեյլին Մոգերինիին մեղադրել է էգոիզմի ու գոռոզության մեջ

Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ուժի մեջ պահելու ուղղությամբ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գործողությունները թելադրված են էգոիզմով ու գոռոզությամբ, բայց ոչ Եվրոպայի երկրների շահերի մասին հոգատարությամբ:

Այս հայտարարությամբ սեպտեմբերի 26-ին Fox News հեռուստաալիքի եթերում հանդես է եկել ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: «Իրանը մշտապես հայտնվում է այնտեղ, որտեղ տեղի են ունենում տհաճություններ, եւ հանդես է գալիս ոչ մեր կողմից:

Մենք ջանում ենք բացատրել միջազգային հանրությանը, որ Իրանի հետ բիզնես վարելու փորձերը օգնում են միայն ահաբեկիչներին, բայց ոչ համաշխարհային հանրակցությանը»,- պնդել է Հեյլին: Նրա տեսանկյունից՝ Եվրամիությունը «իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը թարս է ընկալում, եւ այդ ամենը Բրյուսելի Էգոիզմի ու գոռոզության պատճառով»: «Մոգերինին ջանում է պահպանել այդ համաձայնագիրը, որովհետեւ նա անձամբ է մասնակցել դրա համաձայնեցմանը, բայց նա ընդսմին գործում է՝ չառաջնորդվելով եվրոպական երկրների լավագույն շահերով: Նրանք չեն ցանականում բիզնեսով զբաղվել Իրանի հետ, իսկ նրանց ընկերությունները հրաժարվում են Իրանի հետ գործարքներից»,- հավելել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:

Ֆեդերիկա Մոգերինին CNN ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել Է սեպտեմբերի 25-ին, հայտարարել էր, որ Եվրամիությունն օրինական իրավունք ունի բիզնես վարել եւ առեւտրական հարաբերություններ ունենալ բոլոր պետությունների, ներառյալ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի քաղաքական որոշումներին: «Միացյալ Նահանգները չի կարող իր քաղաքական որոշումները պարտադրել ինքնիշան երկրներին ու կազմակերպություններին»,- նշել է նա: «Եվրոպացիներն օրինական իրավունք ունեն որոշելու՝ ում հետ բիզնես ու առեւտուր վարել, եւ դա այն է, ինչ մենք անում ենք»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Մոգերինին նաեւ հիշեցրել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ պետությունների հետ մշակում է մեխանիզմներ, որոնք «կերաշխավորեին Իրանի հետ առեւտուրը շարունակելու հնարավորությունը»՝ անկախ Թեհրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներից:

Նրա խոսքով՝ նման մեխանիզմների տեխնիկական մանրամասները ներկայում համաձայնեցվում են: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած հինգ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, սեպտեմբերի 24-ին վերահաստատել են հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների կատարմանը, ինչի մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ նիստի մասնակիցները հաստատեցին Իրանի հետ գործարար կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը, որոնք վերաբերում են նաեւ Իրանի կողմից նավթի ու գազի արտահանմանը: ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պայմաններում նիստի մասնակիցներն անհրաժեշտ են համարել ապահովել Իրանի հետ գործարար կապեր իրականացնող ընկերությունների պաշտպանությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից՝ գործարքից, որը կնքվել էր 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից կիրառվող միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման փոխարեն: Վաշինգտոնը խոստացել է Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնել նոյեմբերի 4-ին, ինչպես նաեւ կոչ է արել իր բոլոր դաշնակիցներին՝ նավթ չգնել Իրանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս