«Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին: Դրա հեղինակներն ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Նաիրա Զոհրաբյանն են:

Օրենքով սահմանված է, որ տոտալիզատոր և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի համայնքների վարչական սահմաններում, սակայն ներկայումս անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ընդ որում՝ խաղասրահի միջոցով տոտալիզատորների գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում:

Ըստ նախագծերի հեղինակների՝ այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` տոտալիզատորով հրապուրվելու վտանգ ստեղծելով: Պատգամավորներն առաջարկում են խստացնել մոլախաղերով զբաղվելու կարգը, սահմանել այն վայրերը, որտեղ կստեղծվեն վիճակախաղերի (տոտալիզատորի) և ավտոմատացված սարքավորումների միջոցով կազմակերպվող վիճակախաղի կազմակերպման կլաստերներ` աջակցելով տվյալ համայնքների զարգացմանը: Համայնքներն ընտրվել են՝ զբոսաշրջային և հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու, իսկ Մեղրիի դեպքում՝ սահմանամերձ համայնք հանդիսանալու չափանիշով: Սահմանվում է նաև տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելու և ելքագրելու հնարավորություն միայն վճարահաշվարկային համակարգերի միջոցով, բացառությամբ վերոգրյալ համայնքներում խաղասրահի միջոցով տոտալիզատորի կազմակերպման դեպքերի: Դրանից բացի, նախագծով սահմանվում է այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու մոլախաղերով հրապուրվելու հետևանքով իրեն և իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակել, և խաղասրահ մուտք կարելի է գործել միայն անձնագրի ստուգումից հետո:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց, որ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը. «Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք ո՛չ մեկը պետք է խրախուսենք, ո՛չ մյուսը: Մարդիկ են, ճակատագրեր…»:

Ն.Փաշինյանի խոսքով՝ այս խնդիրը պետք է արագ լուծել: Ըստ նրա՝ տնտեսության կառուցվածքի խնդիր կա, Հայաստանը պետք է ունենա ոչ թե հանքարդյունաբերության ու մոլախաղերի վրա հիմնված տնտեսություն, այլ՝ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության վերամշակող ճյուղերի վրա հիմնված:

«Պետք է գնանք շաւտ լուրջ քայլերի, որ այս փոփոխությունը տեղի ունենա»,- ասաց Ն.Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս