Կոմպրոմատի դրական ազդեցությունը

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Պարոն Բադալյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ 2008 թ. իր հետնորդ է ընտրել Սերժ Սարգսյանին։ Ըստ էության՝ խոստովանում է, որ ինքն է ընտրել, և ոչ թե՝ ժողովուրդը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Շատ սովորական, որովհետև իր ժամանակ ընտրությունները, որպես այդպիսին, դադարել էին գոյություն ունենալ, և ոչ ժողովրդավարական պայմաններում, երբ հասարակությունը չի կատարում ընտրություն, ժառանգորդ է ընտրում իշխող քաղաքական ուժի ղեկավարը։ Դա միայն հայկական երևույթ չէ, նույնը կատարվեց 2008-ին ՌԴ-ում, երբ Վլադիմիր Պուտինը նախագահի թեկնածու ընտրեց Մեդվեդևին, և այլ ոչ ժողովրդավարական երկրներում նույնպես դա տարածված երևույթ է։

Այնպես որ, դա շատ նորմալ է ոչ ժողովրդավարական երկրի համար, իսկ ժողովրդավարության տեսակետից դա, իհարկե, հակաժողովրդավարական է։ Սակայն այդքան էլ ճիշտ չէ, որ ինքն է ընտրել, որովհետև 2008-ի նախագահական ընտրություններից առաջ տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀԿ-ն, չնայած նախագահ Քոչարյանի ջանքերին՝ ԲՀԿ-ին դարձնել մեծամասնություն, կարողացավ ոչ թե ընտրվել, այլ վերցնել մեծամասնությունը։

Եվ ուզեր թե չուզեր, երկրորդ նախագահը իշխանությունը հանձնելու էր այն ժամանակվա ՀՀ վարչապետին՝ Սերժ Սարգսյանին։ Այսինքն՝ այնքան էլ այդպես չէ, որ հետնորդ է ընտրել, ուղղակի դա նշելով, ինքը հավանաբար ուզում է իր քաղաքական կշիռը մեծացնել և դրանով ցույց տալ, որ ինքն ավելի բարձր է, քան ՀՀԿ-ն, որպեսզի այժմ ՀՀԿ-ն շատ ավելի հեշտ թեքվի դեպի իրեն, որովհետև եթե ինքն է ընտրում ՀՀԿ-ի ղեկավարին իր ժառանգ, ապա ինքն այդ կուսակցության ղեկավարից ավելի բարձր է, իսկ կուսակցության ղեկավարը, չմոռանանք, այս պահին դեռևս մնում է երրորդ նախագահը։ Հոգեբանական պահ է, որ հանրապետականներն ասեն՝ դե, եթե մեր կուսակցության ղեկավարից բարձր է, ինքն է ընտրել, ուրեմն կարելի է ավելի լայն ձևով համագործակցել։ Դրանով նաև փորձում է իր քաղաքական կշիռը մեծացնել։

– Երկրորդ նախագահի փաստաբանները երեկ հերքեցին լուրերը, թե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության հեղինակը Քոչարյանն է։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Այդ ձայնագրության փաստն ավելի լայն պետք է դիտարկել, ձայնագրությունն ինքնին կոմպրոմատ է։ Կոմպրոմատները քաղաքական գործընթացների, հատկապես՝ նախընտրական կամպանիաների ժամանակ տարբեր երկրներում բազմիցս օգտագործվել են, անկախ նրանից՝ այդ երկիրը ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ։

Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի նկատմամբ օգտագործվեց կոմպրոմատ, որ նա իբրև ռուսների աջակցությամբ է դարձել նախագահ։ Սա կոմպրոմատի դասական օրինակ է։ Կոմպրոմատներ եղել են նաև ԽՍՀՄ-ում։ Կոմպրոմատը որոշակի տեղեկություն է, որ դրվում է շրջանառության մեջ՝ ինչ-որ նպատակի հասնելու համար։ Շատ դժվար է ասել՝ ով է կոմպրոմատի հեղինակը։ Մասնավորապես՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության ձայնագրման և հրապարակման մասին կարող ենք ասել, որ այդ կոմպրոմատը տեսականորեն 5 տարբեր հեղինակներ կարող է ունենալ։

Հեղինակ 1՝ դա կարող են լինել նախկին իշխանությունները, երկրորդ նախագահը կամ նրա հետ ասոցիացված գործիչներ։ Նպատակը կարող է լինել այն, որ ցույց տան, թե գործող վարչապետի խոսքը գործից տարբերվում է, և նա դատական համակարգին ցուցումներ տալիս է, թեև հակառակն է պնդում։ Եվ դրա նպատակն էր վարչապետի վարկանիշին հարված հասցնելը, հատկապես՝ նախընտրական կամպանիայի ժամանակ։

Հեղինակ 2՝ կարող է լինել ընտրական կամպանիայի մասնակից այլ ուժ, որը նպատակ ուներ նույնպես հարվածել իր մրցակցին։ Դա կարող էր անել այն ուժը, որը ռեսուրս ունի, և որին պետք է՝ վարչապետի թեկնածուն պարտություն կրի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։

Հեղինակ 3՝ կարող է լինել ռուսական կողմը, որ վերջերս հանդիպեցին ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը և գուցե որոշ կետերի շուրջ համաձայնության չեն եկել, կամ ՌԴ-ն ցանկություն չունի երկրորդ նախագահին կալանավորված և բանտարկված տեսնելու, դրա համար կոմպրոմատ է դնում շրջանառության մեջ, որ ցույց տա, որ երկրորդ նախագահը քաղաքական հալածյալ է, նույնպես վարչապետի խոսքը գործի հետ հակասության մեջ է։

Հեղինակ 4՝ կարող են լինել հենց վարչապետի թիմակիցները՝ վարչապետի գիտությամբ, որպեսզի դա օգտագործվի վարչապետի կողմից, ինչը և կատարվեց։ Վերջին օրերին լրատվական դաշտի ամբողջ ուշադրությունն այդ կոմպրոմատին է, և ուշադրությունից դուրս է մնացել Երևանի ավագանու ընտրարշավը, թեկնածուների ծրագրերը, իսկ դա ձեռնտու է վարչապետի թիմակիցներին, որոնք ընտրական պայքարը վերածում են սև ու սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի։

Հեղինակ 5՝ կարող է՝ շրջանառության մեջ է դրվել Արևմուտքի կողմից՝ ցույց տալու համար, որ վարչապետը շատ է թեքվել դեպի Ռուսաստան, և ցանկալի է՝ մի քիչ էլ Արևմուտք շրջվի, կամ՝ Մոսկվայում վարչապետը համաձայնություն է տվել ՀՀ տարածքում գտնվող հայ-ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները ռուսական տեսուչների համար բացելու համար, և Արևմուտքը կոմպրոմատ է շրջանառության մեջ դնում, որպեսզի վարչապետը հասկանա, որ նման գործողություններ անելուց առաջ առնվազն պետք է իր հետ համաձայնության գալ։

Այսինքն՝ տեսականորեն այս 5 հեղինակներն էլ կարող են լինել, բայց թե դրանցից ո՞րն է, կամ ո՞ր 6-րդն է, այս պահի դրությամբ դժվար է ասել։ Կոմպրոմատի՝ որպես տեխնոլոգիայի կարևորագույն գործոններից մեկն էլ այն է, որ, երբ այն դրվում է շրջանառության մեջ, պետք է «раскрутка» լինի։

Այս դեպքում այդպիսի փորձ արեց Հանրապետական կուսակցությունը, իսկ ՀՀԿ-ի այսօրվա վարկանիշն այնքան ցածր է, որ, եթե անգամ ասի, որ երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջը, միևնույն է՝ չեն հավատալու, և հակառակ ռեակցիան է լինելու։

Բնականաբար, ՀՀԿ-ի կողմից այդ գործողությունը չի տալիս ցանկալի արդյունքը հասարակության մոտ։ Եվ կարող ենք ասել, որ առավել ևս հեղափոխական էյֆորայի ժամանակ, երբ վարչապետը բարձր վարկանիշ ունի, և այդ կոմպրոմատ «раскрутка» անողն էլ միայն ՀՀԿ-ն է մնացել, դա հասարակության վրա ազդեցություն չթողեց։ Չենք կարող ասել՝ հետագայում կլինի՞ երկրորդը, երրորդը, տասներորդը, բայց այս մեկն ազդեցություն չթողեց։

– Նոր կոմպրոմատների սպասե՞նք։

– Չեմ կարող ասել, որովհետև սցենարը միայն նրանք գիտեն, որոնք այս կոմպրոմատն են դրել շրջանառության մեջ, թե ինչի՞ համար են դա արել։

Տեսանյութեր

Լրահոս