Բյուրեղավանի բնակիչները փակել են «Առողջ Սունկի» ճանապարհը. Ընկերությունն արտանետումներ է իրականացրել

Բյուրեղավան համայքի բնակիչներն այսօրվանից անժամկետ բողոքի ցույց են սկսել՝ փակելով «Առողջ Սունկ» ՍՊԸ Բյուրեղավանի արտադրամաս տանող ճանապարհը։ Ակցիայի մասնակիցներից Վահան Հովսեփյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր հերթական անգամ «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավան համայնքում տեղակայված կոմպոստի արտադրամասը արտանետումներ է իրականացրել։

Ըստ նրա՝ բնակիչների ահազանգերին ՀՀ Ոստիկանության և ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանումների կողմից չեն ձեռնարկվել անմիջական միջոցներ պարզելու արդյոք տեղի ունեցել է արտանետման փաստ և հանդիսանում են տվյալ արտանետումները վտանգավոր բնակիչների կյանքի և առողջության համար, թե ոչ։

«Տնտեսվարողի կողմից իրականացվող գործունեության արդյունքում առաջացող արտանետումների վերաբերյալ բազմիցս ահազանգել ենք տեղական և հանրապետակյան կառավարման և լիազոր մարմիններին դեռ 2014 թվականից։ Ավելին, Կոտայքի մարզպետի որոշումով 2016 թվականին ստեղծված հանձնաժողովն արձանագրել է, որ ձեռնարկությունը գործում է օրենսդրության կոպիտ խախտումներով և այն պետք է տեղափոխվի, դադարեցնի գործունեությունը բնակելի վայրում, սակայն ցայսօր այն գործում և թունավորում է մեր օդը»,- ասաց Վ.Հովսեփյանը։

Նա նշեց, որ հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո բնակիչները կրկին դիմել են իշխանություններին՝ խնդիրը լուծելու նպատակով, տեղի են ունեցալ հանդիպումներ մարզի իշխանությունների, բնակիչների և տնտեսվարողի հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ, որոնք, սակայն, կրկին խախտվել են տնտեսվարողի կողմից։

Վ.Հովսեփյանի խոսքով՝ բնակիչների պահանջները երկուսն են՝
1. Անհապաղ ստորագրել բնակիչների և մարզպետարանի կողմից մշակված համաձայնագրի տարբերակը՝ առանց էական նշանակություն ունեցող փոփոխությունների։
2. Պետական լիազոր մարմիններին՝ 102 և 112 ծառայություններ կատարած ահազանգերի գծով իրականացնել ստուգումներ՝ հստակեցնելու քաղաքացիների ահազանգով իրականացրած գործողությունների օրինականությունը, ներգրավված լիազոր անձանց կողմից ներկայացված պատասխանների օրինաչափությունը և համապատասխանելիությունը՝ քաղաքացիների ահազանգին։

Տեսանյութեր

Լրահոս