Ավանդները հասել են ռեկորդային մակարդակի ՝ 2.7 տրիլիոն դրամ
Առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկից։
2.7 մլրդ դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, որ ապրիլին՝ քաղաքական իրադարձություններով պայմանավորված, ավանդները նվազել էին 103.8 մլրդ դրամով, սակայն արդեն մայիս ամսից դրանք սկսեցին վերականգնվել և հուլիսին, ինչպես նշեցինք, գերազանցեցին նախահեղափոխական մակարդակը։
Նշենք, որ աճ է գրանցվել թե՛ ՀՀ ռեզիդենտների, թե՛ օտարերկրացիների ավանդների գծով։
Իսկ եթե ռեզիդենտության հետ դիտարկենք նաև ավանդների արժույթը, կտեսնենք, որ ոչ ռեզիդենտների մոտ աճել են առավելապես արտարժութային ավանդները, իսկ ՀՀ ռեզիդենտների մոտ դրամային ավանդները։
Այսպես, ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդների մարտի վերջի 432.9 մլրդ դրամից հուլիսի վերջին հասել են 472.8 մլրդ դրամի, իսկ դրամային ավանդները՝ 98.4 մլրդ դրամից 101.9 մլրդ դրամի։
Մինչդեռ ՀՀ ռեզիդենտների մոտ արտարժույթով ավանդները մարտին համեմատ նվազել են՝ 1 տրլն 145.2 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 139.1 մլրդ դրամի։ Իսկ դրամային ավանդները մարտի 966.6 մլրդ դրամից հուլիսի վերջին հասել են 986.6 մլրդ դրամի։
Այդուհանդերձ, դոլարայնացման մակարդակը թե՛ ռեզիդենտների, թե՛ հատկապես ոչ ռեզիդենտների մոտ շարունակում է բարձր մնալ. արտարժութային ավանդների կշիռը ավելի մեծ է, քան դրամայինների։