Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն անդամակցել ԵՄ-ին
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականը անդամակցել Եվրամիությանը, ուստի կփորձի մինչև ամռան վերջը բացել բանակցային բոլոր ուղիները Բրյուսելի հետ: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ, իշխող Գործողության և համերաշխության կուսակցության (ԳՀԿ) առաջնորդ Իգոր Գրոսուն:
2025 թվականի խորհրդարանական ընտրություններում նախագահ Մայա Սանդուն և նրա կառավարող Գործողության և համերաշխության կուսակցությունը խոստացել էին, որ Մոլդովան կանդամակցի ԵՄ-ին մինչև 2028 թվականը, թեև ավելի վաղ նպատակ էր դրվել հենց 2030 թվականը: ԳՀԿ-ի վերջին ծրագրում անդամակցության ժամկետներն անորոշ ժամանակով հետաձգել են:
«Մենք շարունակում ենք համոզել մեր եվրոպացի գործընկերներին, որ արժանի ենք բոլոր վեց բանակցային փուլերի բացմանը մինչև այս ամռան վերջը: Մենք շարունակում ենք կատարել պայմանները և օրենքներ ընդունել այնպես, կարծես արդեն ունենք պաշտոնական քաղաքական որոշում բոլոր փուլերը բացելու վերաբերյալ», – ասել է Գրոսուն «Մոլդովա 1» հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքով՝ Մոլդովան «Եվրամիության հետ բանակցությունները պետք է ավարտի 2028 թվականին, որպսզի մինչև 2030 թվականը դառնա միության անդամ»: Գրոսուն նշել է, որ երկիրը պետք է բացի ևս չորս բանակցային կլաստեր, Քիշնևն արդեն սկսել է այդ գործընթացների տեխնիկական նախապատրաստական աշխատանքները:

