Հունգարիայի նախկին արտգործնախարարը բարձր պաշտոն կզբաղեցնի չինական BYD ընկերությունում
Հունգարիայի նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոն վայր է դնում պատգամավորական մանդատը և աշխատանքի անցնում չինական BYD ընկերությունում։
«Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Պատճառն այն է, որ համաշխարհային տնտեսության առանցքային ընկերություններից մեկից միջազգային պաշտոն զբաղեցնելու չափազանց պատվաբեր առաջարկ եմ ստացել»,— Euronews-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախկին նախարարը։
Նա պատասխանատու է լինելու ընկերությունների խմբի արտաքին կապերի և բիզնեսի զարգացման նոր ուղղությունների համար։ Սիյարտոյի խոսքով՝ BYD-ն վերջին 20 տարվա ընթացքում ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարներից է և միաժամանակ էներգիայի այլընտրանքային աղբյուրներով աշխատող տրանսպորտային միջոցների արտադրության համաշխարհային առաջատարը։
Այս առնչությամբ «BYD Hungary»-ն MTI գործակալությանը հայտնել է, որ Պետեր Սիյարտոն զբաղեցնելու է «գլոբալ, միջազգային պաշտոն» և չի ընդգրկվելու ընկերության հունգարական մասնաճյուղի ղեկավար կազմում։

