Բաժիններ՝

Էվթանազիա և օրգանների նվիրատվություն․ իսպանուհու մահը թեժացրել է բանավեճը երկրում

Այս տարվա մարտին 25-ամյա իսպանուհի Նոելիա Կաստիլոն, չնայած հարազատների երկարատև պայքարին, դիմեց էվթանազիայի։ Աղջկա հայրը շուրջ երկու տարի դատարանում պայքարում էր՝ դստեր որոշումը կանխելու համար, սակայն փորձերն ապարդյուն էին։

Այդուհանդերձ, վեճը, թե ով իրավունք ունի վիճարկելու չափահաս անձի՝ էվթանազիայի դիմելու որոշումը, շարունակում է արդիական մնալ։ Մայիսին Իսպանիայի Գերագույն դատարանը վճռել է, որ այն անձինք, որոնք «առանձնապես սերտ կապ» ունեն մահանալ ցանկացողի հետ, կարող են իրավունք ունենալ բողոքարկելու նրա՝ էվթանազիայի դիմումը․ գրում է BBC-ն։

2025 թվականին Իսպանիայում էվթանազիայի միջոցով մահացած 565 անձից 73-ը նախապես համաձայնել էին մահից հետո նվիրաբերել իրենց օրգանները։ Նոելիա Կաստիլոն օրգանների դոնոր չէր, սակայն կան պնդումներ, որ նրա նկատմամբ ճնշում է գործադրվել՝ դոնոր դառնալու համար։ Այժմ նրա ծնողների շահերը ներկայացնող փաստաբանները կոչ են անում արգելել էվթանազիայի կիրառման դեպքերում օրգանների նվիրատվությունը։

Ինչո՞ւ է այս թեման կարևոր։ Իսպանիայում գործում է աշխարհի ամենահաջողված օրգանների նվիրատվության ծրագրերից մեկը։ Անցյալ տարի երկրում մահից հետո ավելի քան 2500 մարդ դարձել է օրգանների դոնոր։ Թեև էվթանազիայի միջոցով կյանքից հեռացածների թիվը համեմատաբար փոքր է, կան մարդիկ, որոնք նրանց նվիրաբերած օրգանների շնորհիվ ստացել են նոր կյանքի հնարավորություն։

Հիշեցնենք, որ Բարսելոնայի 25-ամյա բնակչուհի Նոելիա Կաստիլոն հաշմանդամ էր դարձել 2022 թվականին ինքնասպանության փորձի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Կատալոնիայի կառավարությունն աղջկան շնորհել էր օժանդակ մահվան՝ էվթանազիայի իրավունք 2024 թվականի ամռանը, սակայն գործընթացը կասեցվել էր վերջին պահին՝ նրա հոր ներկայացրած իրավական առարկություններից հետո։

Հոր ու դստեր միջև իրավական պայքարը տևել է 18 ամիս․ ի վերջո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Նոելիայի օգտին։

Այս տարվա մայիսին՝ դստեր մահից հետո, Նոելիայի մայրը դիմել է Իսպանիայի ընդդիմության առաջնորդին՝ ասելով․ «Խնդրում եմ, վերացրե՛ք էվթանազիայի մասին օրենքը։ Չեմ ցանկանում, որ նոր Նոելիաներ լինեն»։

Մինչ այս պահը Իսպանիայում էվթանազիայի մասին օրենքը փոփոխելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։ Օրենքը, որն ընդունվել էր 2021 թվականին, այն ժամանակ արժանացել էր Իսպանիայի քաղաքացիների մեծամասնության աջակցությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031