Պատգամավորական մանդատ, բոյկոտ և ընտրողի կամք

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ լիովին կանխատեսելի որոշումից հետո հանրային-քաղաքական դաշտում նոր թափով քննարկվում է հարցը՝ արդյոք խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պետք է ստանձնե՞ն մանդատները, թե՞ հրաժարվեն դրանցից։

Հնչում են տեսակետներ, որ մանդատների ստանձնումը կարող է դիտվել՝ որպես ընտրությունների վիճահարույց արդյունքների լեգիտիմացում կամ ընդդիմության քաղաքական հեղինակազրկում։ Այս մոտեցումը որոշակի հիմքեր ունի, սակայն, իմ կարծիքով, հարցը չի կարելի դիտարկել միայն այդ կտրվածքով։

Ընդդիմությունն, իհարկե, չպետք է պարզապես ստանձնի մանդատները և մուտք գործի առօրյա խորհրդարանական գործունեության ռեժիմ՝ առանց հստակ քաղաքական ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ, պայմանների և հանրային բացատրության։ Այդպիսի մոտեցումը կհանգեցնի ընդդիմության դերակատարման ձևականացմանը։ Սակայն նույնքան վիճահարույց է այն կոշտ եզրահանգումը, թե մանդատների ստանձնումն ինքնին նշանակում է իշխանության լեգիտիմացում կամ ընդդիմության քաղաքական պարտություն։

Այս հարցում առանցքային նշանակություն ունի ընտրողի կամքի խնդիրը։ Ընտրողների ձայները լուրջ քաղաքական և բարոյական պարտավորություն են ստեղծում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի համար։ Այդ ուժերը չեն կարող պարզապես հայտարարել, թե չեն ստանձնում մանդատները միայն այն հիմնավորմամբ, որ համակարգը թերի է կամ անարդար։ Նման բացատրությունը բավարար չէ, քանի որ ընդդիմադիր ընտրողը քվեարկել է ներկայացված լինելու ակնկալիքով։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր ընտրողը ձայն է տվել ոչ միայն իշխանափոխության հնարավորությանը, այլև իր դիրքորոշումն Ազգային ժողովում լսելի դարձնելու, իշխանությանը հարցեր ուղղելու, քննիչ հանձնաժողովներ ձևավորելու, անհրաժեշտ տեղեկություններ պահանջելու, ինչպես նաև ներքին և միջազգային հարթակներում իր քաղաքական օրակարգը ներկայացնելու համար։ Այս իմաստով մանդատն ամենևին կուսակցական որոշման առարկա չէ, այլև ընտրողի վստահության և ներկայացվածության գործիք։

Մանդատներից հրաժարումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ ընդդիմությունը կարողանում է համոզիչ կերպով հիմնավորել, որ խորհրդարան մտնելն ընտրողների շահերին ավելի մեծ վնաս է հասցնելու, քան չմտնելը։ Բացի այդ, պետք է հստակ ցույց տրվի, որ խորհրդարանից դուրս պայքարի դեպքում առկա է ավելի արդյունավետ, իրատեսական և հանրությանը հասկանալի ճանապարհային քարտեզ։ Մանդատից հրաժարվելը չի կարող լինել պարզապես քաղաքական ժեստ։ Պետք է հստակ ներկայացվի՝ ի՞նչ է հաջորդելու դրան, ի՞նչ պահանջներ են դրվում, ի՞նչ ժամկետներով, ի՞նչ հանրային մոբիլիզացիայով, ի՞նչ իրավական քայլերով, ի՞նչ միջազգային աշխատանքով և ի՞նչ պայմանների դեպքում է պահանջվելու նոր ընտրությունների անցկացում։

Ակնհայտ է նաև` երաշխիք չկա, որ նոր ընտրություններն ավելի արդար կլինեն, եթե պահպանվում են նույն ընտրական միջավայրը, նույն վարչական ռեսուրսի ռիսկերը, նույն մեդիա դաշտը, նույն դատաիրավական համակարգը, նույն հասարակական բևեռացումը և նույն ընտրական մեխանիզմները։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ արևմտյան առաջատար պետությունները փաստացի ճանաչել են ընտրությունների արդյունքները։ Հետևաբար՝ ստեղծված պայմաններում ընդդիմության խնդիրը պետք է ներառի նաև արևմտյան հարթակներում հետևողական գործունեությունը՝ ուղղված Հայաստանում օրենքի գերակայության երաշխավորմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացմանը։ Այս տեսանկյունից խորհրդարանական մանդատը կարող է ծառայել ոչ միայն ներքին քաղաքական պայքարի, այլև արտաքին քաղաքական հարթակներում Հայաստանի ժողովրդավարական օրակարգն անաչառ ներկայացնելու նպատակին։

Այս համատեքստում ավելի պատասխանատու մոտեցումը, իմ կարծիքով, մանդատների ստանձնումն է, բայց ոչ լուռ, անվերապահ և սովորական խորհրդարանական ռեժիմով։ Մանդատները պետք է ստանձնել՝ հստակ հայտարարելով, որ դա ընտրությունների որակի քաղաքական ընդունում չէ, այլ ընտրողների ձայնը պաշտպանելու և ներկայացնելու հանձնառություն։ Միաժամանակ անհրաժեշտ է հրապարակել առաջարկությունների և պահանջների փաթեթ՝ ուղղված խորհրդարանում ընդդիմության դերակատարության արդիականացմանն ու ինստիտուցիոնալ ամրապնդմանը, որի առանցքը պետք է լինի խորհրդարանական վերահսկողությանն իրական բովանդակություն հաղորդելը, ինչի շնորհիվ ընդդիմությունը կդառնա իշխանությանը հակակշռող, հանրային օրակարգ թելադրող և ընտրողների շահերը պաշտպանող ուժ։ Ընդդիմության մասնակցությունը պետք է վերածվի իշխանությանը հնարավորինս հակակշռելու, հանրային օրակարգ ձևավորելու և ընտրողների շահերը հետևողականորեն ներկայացնելու գործիքի։ Հակառակ դեպքում խորհրդարանական ներկայությունը կարող է վերածվել ձևական և քաղաքականապես վնասարար մասնակցության։

Մանդատներից հրաժարումը, հետևաբար, պետք է դիտարկվի ոչ թե որպես առաջնային քաղաքական մարտավարություն, այլ որպես վերջին միջոց։ Եթե խորհրդարանական գործունեությունն ընդդիմության համար վերջնականապես վերածվի քաղաքականապես անիմաստ ձևականության, ապա այդ փուլում պետք է քննարկվի ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները համակարգված, ամբողջական և միաժամանակ վայր դնելու հարցը։

Ամենակարևորը ոչ թե մանդատը վերցնելու կամ չվերցնելու մեխանիկական որոշումն է, այլ այն, թե որքանով է ընդդիմությունը կարողանում մանդատը դարձնել ընտրողի ձայնը պաշտպանելու, գործադիր իշխանությանը վերահսկելու և քաղաքական պայքարը խորհրդարանում կենտրոնացնելու միջոց։

Ուստի, բանաձևը հետևյալն է մանդատը ստանձնելն ինքնին չի կարող մեկնաբանվել՝ որպես իշխանության լեգիտիմացում, իսկ անհրաժեշտության դեպքում մանդատից հրաժարումը՝ որպես ընտրողի կամքի անտեսում։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ ԳԽ և ՀՀ ԱԺ պատգամավոր (1990-99թթ.)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031