Իրանի բանակը նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի և Իսրայելի հասցեին՝ Գերագույն առաջնորդի հուղարկավորության նախաշեմին
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների հասցեին՝ հայտարարելով ցանկացած սպառնալիքի կամ հարձակման դեպքում Թեհրանի պատասխան գործողությունների պատրաստակամության մասին, հայտնում է Press TV-ն:
Հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ղեկավարը Իրանի հակառակորդներին կոչ է արել խուսափել «սխալ հաշվարկներից»՝ ընդգծելով, որ իրանական զինված ուժերը պատրաստ են «խիստ և ափսոսանք հարուցող» պատասխան հարված հասցնել երկրի դեմ ուղղված ցանկացած գործողության:
Աբդոլլահին այս հայտարարությունն արել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ ռազմական հակամարտության սկզբում զոհված Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, նահատակ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ սգո միջոցառումների նախապատրաստման ֆոնին:
«Այս պատմական օրերին… մենք նախազգուշացնում ենք հզոր Իրանի թշնամիներին, հատկապես ԱՄՆ-ին, սիոնիստական ռեժիմին (Իսրայել) և նրանց տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դաշնակիցներին՝ խուսափել ցանկացած սխալ հաշվարկից»,- հայտարարել է Աբդոլլահին:
Նա ընդգծել է, որ Իրանի հասցեին հնչած ցանկացած սպառնալիք կարժանանա երկրի զինված ուժերի «խիստ և ափսոսանք հարուցող արձագանքին»։
Հրամանատարը նաև վերահաստատել է բանակի լիակատար մարտական պատրաստվածությունը՝ Իրանի անկախությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, և հայտարարել է հավատարմություն երկրի ղեկավարության կուրսին։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ Խամենեիի մահը, ըստ ամենայնի, եղել է «ողբերգություն» և «ծանր կորուստ», բայց միևնույն ժամանակ պետք է ուժեղացնի իրանական հասարակության վճռականությունը և ամրապնդի պետության գաղափարական հիմքերը։
Աբդոլլահին հայտարարել է նաև, որ Խամենեիի ղեկավարման օրոք Իրանը զգալիորեն հզորացրել է իր պաշտպանական կարողությունները, ներառյալ հրթիռային և անօդաչու տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև «մենք կարող ենք» հայեցակարգի ամրապնդումը:
Նա նշել է, որ, իրանական կողմի գնահատմամբ, 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի և դրան հաջորդած փետրվարյան 40-օրյա հակամարտության ընթացքում երկիրը զգալի վնաս է հասցրել հակառակորդներին՝ ի հեճուկս նրանց տեխնոլոգիական գերազանցությանը:

