Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
ԵՄ դատարանը մերժել է Google Inc.-ի և դրա մայր ընկերության՝ Alphabet Inc.-ի բողոքարկումն ընդդեմ Եվրոպական ընդհանուր դատարանի որոշման, որով Google-ին շուրջ 4,1 միլիարդ եվրոյի տուգանք էր նշանակվել Android օպերացիոն համակարգի համատեքստում հակամրցակցային գործունեության համար:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին Եվրոպական հանձնաժողովը Google-ին տուգանել է մոտ 4,3 միլիարդ եվրոյով այն բանի համար, որ Google-ը չարաշահել է իր գերիշխող դիրքը շուկայում և պայմանավորվածություններ ձեռք բերել հեռախոս արտադրող ընկերությունների հետ, որպեսզի նրանք նախապես տեղադրեն Google-ի որոնման գործիքը, Chrome-ը և Google Play օնլայն խանութն Android սարքերի վրա, և թույլ չի տվել, որ նրանք օգտագործեն մրցակից Android համակարգեր:
2022 թվականին բողոքարկումից հետո ավելի ցածր ատյանի դատարանը տուգանքը նվազեցրել էր մինչև 4,1 միլիարդ եվրո, սակայն Google-ը բողոք էր ներկայացրել Լյուքսեմբուրգում գտնվող Եվրոպական միության արդարադատության դատարան, որը, սակայն, աջակցել է հակամենաշնորհային մարմնին:
Google-ի խոսնակը նշել է, որ դատավճիռը հաշվի չի առել Android-ի բաց, փոխգործունակ և անվճար մնալու համար իր կատարած ներդրումները։
Reuters-ը հիշեցնում է, որ վերջին տասնամյակների ընթացքում ԵՄ-ն Google-ի նկատմամբ մոտ 11 միլիարդ եվրոյի տուգանքներ է սահմանել հակամենաշնորհային տարբեր խախտումների համար։

