«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը
«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
«Սիմոն Աբգարյանը գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեություն է ծավալել թատրոնում և կինոյում։ Նա իր աշխատանքը սկսել է 1980-ականներին Ամերիկայում, շարունակել է Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում»,– ասված է հաղորդագրությունում։
Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշներ։ Նա մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026 թվականին հանդես է եկել գեներալ Շարլ դը Գոլի դերում Անտոնան Բոդրիի համանուն ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։
Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական հասարակության բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին` 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը։

