Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4230-ի։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
«Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, զոհերի ընդհանուր թիվը հասել է 4230-ի, իսկ վիրավորներինը՝ 12 179-ի», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է 19-ով, իսկ վիրավորներինը՝ 6-ով։
Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական ուժերը ռազմական մեքենաների ուղեկցությամբ երկրի հարավում գտնվող Հադդասա գյուղաքաղաքից առաջ են շարժվել դեպի Բինթ Ջբեյլ շրջանի Հարիս բնակավայր և հետախուզական գործողություններ իրականացրել։
Տեղեկություններ են հաղորդվում, որ առավոտյան իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակում են սկսել Նաբատիե շրջանի ուղղությամբ։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ հունիսի 25-ին Լիբանանի հարավում զինված անձի հետ բախման ժամանակ 4 զինվորական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
«Հեզբոլլահ»-ը կրկին հայտարարել է, որ իսրայելական բանակը դիտավորյալ Լիբանանի հարավում գտնվող քաղաքացիների է թիրախավորել՝ պատրվակով, թե նրանք սպառնալիք են ներկայացնում իրենց համար: Հարձակման հետևանքով երկու զոհ և երեք վիրավոր է գրանցվել։
Խմբավորումն Իսրայելին մեղադրել է հրադադարի խախտումներ իրականացնելու համար։
Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։
Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, սակայն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

