«Եկեղեցուն հասնելը շատ մոտ ապագայում է, իսկ «Եռաբլուրը»՝ հեռու ապագայում. պետք է հասնի մինչև «Եռաբլուր», ու դա կլինի մեր վերջին մարտը». Վիգեն Ազատյան
Վերջին մի քանի օրերի ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից հեռացվում են Ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմների ժամանակ նահատակված տղաների գրաֆիտե նկարները։
Առաջին ահազանգը եղավ ապրիլյան պատերազմում նահատակված Ռոբերտ Աբաջյանի նկարի դեպքով, որը Երևանի պետական համալսարանի հարակից գետնանցումի պատին էր, այնուհետև՝ 2020 թվականին նահատակված Հայկազ Մկրտչյանի։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հորը՝ Վիգեն Ազատյանին, այս ամենը չի զարմացնում, ավելին՝ նա ասում է, որ այս ամենը դեռ սկիզբն է։
«2021 թվականից այս կողմ, այս մարդու կողմից այսքան արարք թույլ տալուց հետո, 720 հազար ձայն ստացավ, այս ազգից այսքան մարդ իրեն այդքան ձայն տվեց։ Հիմա այսքանից հետո ինչ-որ մեկը զարմանում է, որ հերոսների նկարներն են ջնջո՞ւմ, սա զարմանալո՞ւ է։ Ժողովո՛ւրդ, հիշեք, թե 2021 թվականից հետո այս թուրքը մեր գլխին ինչեր է բերել, բայց 720 հազար հայ կոչեցյալ սրան ձայն տվեց։ Հերոսների նկարների ջնջելը դեռ սկիզբն է, այդքան ձայն տվողները թող սպասեն ավելի «հետաքրքիր» բաների»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Վիգեն Ազատյանը։
Հարցին՝ իսկ այս 720 հազար մարդը Նիկոլ Փաշինյանին նման արաքներ թույլ տալու համա՞ր են ձայն տվել, Վիգեն Ազատյանը հարցին հարցով պատասխանեց՝ իսկ ինչի՞ համար են ձայն տվել։
«Նիկոլ Փաշինյանին ձայն տվողն ինքն իրեն հարցրե՞լ է՝ 2021 թվականից ի՞նչ է արել սա, ուղղակի աբսուրդ է։
Իհարկե, ընտրություններում կեղծիք եղել է, բայց եթե այս մարդուն նույնիսկ 100 հազար ձայն են տվել, մեր ազգին արդեն ամոթ է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա վստահ է՝ շատ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը նաև այլ արժեքներ ոչնչացնելու հետևից է գնալու։
«Եկեղեցուն հասնելը շատ մոտ ապագայում է, իսկ «Եռաբլուրը»՝ հեռու ապագայում։ Իր «պապան» իրեն ի՞նչ է ասել, տղաները հո հերոս չե՞ն սրա համար, պետք է հասնի մինչև «Եռաբլուր», ու դա կլինի մեր վերջին մարտը։
Այս ամենի միակ ելքը փողոցն է, բայց կազմակերպված, ճիշտ ու լավ հեռանկարով։ 2021 թվականից մենք փողոցներն ենք, բայց սա պետք է լինի գրագետ կազմակերպված ու լավ ավարտով։
Կրկնում եմ՝ այս ամենը կարող է փոխվել միայն փողոցով։ Տեսեք, Ադրբեջանի հետ արդեն ախպերություն ու առևտուր են, ախր 5 տարին այդքան երկար «սռոկ» չէր, որ այսպես շուտ ամեն ինչ մոռացան՝ սա սրբապղծություն է»,- ընդգծեց Վիգեն Ազատյանը:

