Այդ խաղաղությունը հեշտությամբ կարելի է ջախջախել, որից հետո կունենանք նման բազմաթիվ դեպքեր. Փաշինյան
Օրերս հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ապրիլյան պատերազմից 10 տարի անց որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել դաժանաբար սպանված Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Հայկ Թորոյանի հարազատներին:
ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։
Նշենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած մայոր Հայկ Թորոյանի մահը վրա է հասել գլխատման հետևանքով:
Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ լրագրողները Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են այս մասին՝ նկատելով, որ միջազգային դատական ատյանը փաստում է՝ Ադրբեջանը պատերազմական հանցագործ երկիր է, և ինքն է հարձակվել Արցախի վրա: Այս համատեքստում լրագրողները նաև նշել են, որ Փաշինյանը հավասարության նշան է հաճախ դնում Ադրբեջանի և Հայաստանի գործողությունների միջև, ըստ այդմ՝ արդյո՞ք պատրաստվում է ադրբեջանական մյուս հանցագործություններին հետամուտ լինել:
Նշված հարցադրումներին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է.
«Ես Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների միջև երբեք հավասարության նշան չեմ դրել: Դա արել է կալուգացի օլիգարխը, երբ պատերազմի ժամանակ կոչով էր հանդես գալիս Հայաստանին և Ադրբեջանին, ըստ էության, մեզ և Ադրբեջանին դնելով նույն տրամաբանության մեջ: Իսկ իմ ասածն այն է, որ խաղաղություն է հաստատված և դրա նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում՝ այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարելի է ջախջախել և վերացնել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, որոնք, ենթադրում եմ, Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված լինենք միջազգային ատյաններում հետամուտ լինելու: Միջազգային իրավական ինստիտուտներն աշխատում են, դա նորմալ գործընթաց է, պետք է տեղի ունենա, բայց դա մեր գնահատականը չի փոխում»:
Մանրամասները՝ տեսանյութում

