«Փաշինյանը կփորձի հասնել նպատակին՝ ձևավորել մեծամասնություն կամ տարբեր օրենքներ անցկացնել, որոնք թույլ կտան անելու Ալիևին անհրաժեշտ փոփոխությունները». Արթուր Մարտիրոսյան

Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է  Ադրբեջանի հետ խաղաղության գնալու մասին, իսկ Ադրբեջանում պաշտոնապես միջոցառում են կազմակերպում «Արևմտյան Ադրբեջան» անվանումով ու միջոցառման ժամանակ ադրբեջանցիները հայտարարում են, թե ուզում են «վերադառնալ իրենց պատմական հողերը», նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը։

Այս պայմաններում ինչպե՞ս է խաղաղություն լինելու, հատկապես, երբ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը խորհրդարանում բավարար ձայներ չի ունենալու Սահմանադրությունը փոխելու համար։

Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ եթե չլինի այն փոփոխությունը, որն Ալիևը պահանջում է, ապա դժվար թե Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրի «Խաղաղության պայմանագիրը»։

«Այդ փոփոխությունը հնարավոր է, եթե ԱԺ-ում կա՛մ ձևավորվում է  սահմանադրական մեծամասնություն, կա՛մ անցկացվում է ռեֆերենդում։ Ռեֆերենդումը բացառված է, մնում է  խորհրդարանը, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն փորձելու են ամեն ձևով հասնել իրենց նպատակին՝ ձևավորել մեծամասնություն կամ փորձել տարբեր օրենքներ անցկացնել, որոնք թույլ կտան իրենց անցկացնել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Ալիևին։ Այլ տարբերակներ չկան, ինքս չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններին, Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ պարզ է՝ այդ ընտրություններն անցկացվել են շատ մեծ խախտումներով։ Առաջին հերթին գործի են դրվել ադմինիստրատիվ ռեսուրսները, ռեպրեսիաները՝ մինչև ընտրություններ և ընտրություններից հետո։ Հետևաբար՝ այս ընտրությունները հնարավոր չէ համարել ազատ ու արդար։

«Դրսից որևէ ճնշում չի լինելու, որպեսզի կազմակերպվեն նոր ընտրություններ։ Փաշինյանը երբ հայտարարում է, թե կաշառք է եղել ընդդիմության կողմից, եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ ամենը ճիշտ է, ապա չկա որևէ ապացույց, նշանակում է, որ ճիշտ չէ։ Մենք դատարանի որևէ վճիռ չենք տեսել, ինչի՞ հիման վրա է նա նման հայտարարություն անում։

Տրամաբանությունը հետևյալն է՝ ընտրությունները պետք է չեղյալ համարվեն, օրենքների խախտումները ՔՊ-ի կողմից սահմաններ չունեն։ Սա բռնապետություն է, դեռ մեղմ, բայց բռնապետություն է, ինչո՞ւ, որովհետև եթե ձայնագրություններ են արվել՝ դրանք պետք է հատուկ թույլտվությունների հիման վրա արվեն, այն էլ՝ դատարանի կողմից։ Ոչ մի ուժային չի կարող այդպիսի քայլի դիմել»,- հավելեց Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ նրա, եթե նման ձայնագրություն էլ արվում է, ապա այն չի կարող հանրայնացվել, ավելին՝ եթե մինչև դատական նիստն այդ ձայնագրությունները հանրայնացվել են, ապա առհասարակ դատարան չեն կարող ներկայացվել։

«Սկսած Հանրային ղեկավարներից, որոնք այդ նյութերը ցույց են տալիս, վերջացրած բոլոր նրանցով, ովքեր խախտում են օրենքը, իրենք ի վերջո մի օր պե՞տք է պատասխան տան այդ ամենի համար, եթե չէ, ուրեմն՝ մենք շարունակելու ենք ապրել մի տարածքում, որն այդպես էլ չի ձևավորվելու՝ որպես ազգային պետություն»,- ընդգծեց Արթուր Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930