Բաժիններ՝

Ազգերն ու պետությունները կյանք ու կենսավորում են ստանում և արժանապատվությամբ ապրում իրենց սրբազան և հերոս զավակներով

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։

«Զ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏԸ` ՀԵՐՈՍՆԵՐԻ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ ԵՎ ՄՍՈՒՐԸ

Որքան էլ պատերազմն իր էությամբ ողբերգություն է, այսուհանդերձ, սա չի նշանակում, որ Աստվածահաճո և առաքինության օրինակներ չկան պատերազմի ընթացքին, որոնք ներշնչող են և սերունդների համար խրախուսանքի և դաստիարակության միջոց: Հատկապես, երբ պայքարը մղվում է Հայրենիքի պաշտպանության, հավատքի, ինքնության, արժեքների, ընտանիքի, պատվի, արժանապատվության, արդարության, ճշմարտության և սերունդների ազատ ապրելու իրավունքի համար. «Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղեմ, թող իմ աջը մոռանա ինձ: Թե չհիշեմ քեզ, թող լեզուս քիմքիս կցվի. եթե քո նվագը նախ չնվագեմ, ո՜վ Երուսաղեմ, սկիզբն իմ ուրախության» (Սաղմ. 136:5-7) և հատկապես. «Հոգ տար քո անվան համար, քանզի այն քեզ հետ է լինելու ավելի քան ոսկու հազարավոր մեծ գանձերը» (Սիրաք 41:15):

Այս առումով ազգերի պատմության մեջ` ընդհանրապես, և մեր պարագայում` մասնավորապես, ազգային հերոսների անունները, հիմնականում, կապված են պատերազմի դաշտում գործված սխրանքների հետ` նահատակված կամ «վասն հավատքի և վասն Հայրենիքի» պաշտպանության անցած անձանց հետ` որպես մեծագույն օրինակ և պատգամ. «Որոշեցին այլևս չընկրկել, այլ ոտքերը հաստատուն դնել գետնին, համբերությամբ լցվել, պատերազմի ելնել, քանջի անուն վաստակել, հավատարմության ուխտը հաստատ պահել և քաղաքի համար դժվարություն հանձն առնել: Նրանք ավելի շատ մտահոգված էին հանուն մեծ ու սուրբ տաճարի պատերազմելու, քան կանանց, երեխաների, հարազատ եղբայրների ու տոհմակից քաղաքացիների համար» (Բ Մակ. 15:17-19):

Հետևաբար, այս տեսակետից պատերազմը ոչ թե սարսափ է առաջացնում, այլ ընդհակառակը` առաքինություններ է ծնում, ինչպիսին են արիությունը, քաջությունը, համարձակությունը, նվիրումը, ընկերասիրությունը, հավատքը, անձնազոհությունը և նահատակությունը հանուն ավելի մեծ արժեքի, քան պարզապես ապրելն ու կյանքն է. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13):

Պատահական չէր, հետևապես, որ ներկա իշխանությունը մեր Հայրենական պատերազմի (44-օրյա) հերոսների անունները, նրանց գործած սխրանքների պատմությունները, նույնիսկ ամբողջական թիվը ամեն գնով թաքցնում և ստվերում են պետական մակարդակով, և մարմինները տոպրակների մեջ, անարգ կերպով, ուղղակի նետված են ինչ-որ դիահերձարանում:

Այս պատմությունները հիշվել և ներկայացվել են հերոսների ծնողների և անհատների ջանքերով` գրքերի հրապարակմամբ, ֆիլմերի պատրաստությամբ և այլ միջոցներով, բայց ոչ երբեք պետության նախաձեռնությամբ` կազմակերպված և համակարգված դրսևորմամբ: Փաստացի, իշխանությունն ամեն ջանք ներդրել է, այլևս կարող եմ ասել` ծրագրված և մտածված կերպով, որպեսզի հերոսության, նահատակության վեհագույն արժեքը, գաղափարն ու սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն, իսկ պատերազմն էլ` վախի և սարսափի միջոց և ոչ թե հերոսության և հաղթանակի ասպարեզ:

Առանձին կերպով և ավելի մեծ ծավալով կանդրադառնամ նահատակության փառքի պսակի գաղափարին, այստեղ միայն ամփոփելով ասեմ, որ ազգերն ու պետությունները կյանք ու կենսավորում են ստացել և արժանապատվությամբ ապրել միայն և միայն իրենց սրբազան և հերոս զավակների արյան սնուցումով:

Անկախ, թե որ ժամանակում և շրջանում են նրանք ապրել, նրանց անունները նույնացել են իրենց ժողովրդի ողջ պատմության հետ` ժամանակից ու տարածությունից դուրս, ինչպես մեր դեպքում է, որոնց Սբ. Ներսես Շնորհալին դիմում է որպես «նահատակք պանծալիք»:

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930