Ժողովրդի քթից են բերելու
Խորհրդարանական ընտրություններին հաջորդած առաջին իսկ նիստում, արձակուրդից վերադարձած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում և բարձրացնել որոշ ակցիզային ապրանքների հարկային բեռը։ Խոսքը ծխախոտի, ալկոհոլի, հեղուկ վառելիքի մասին է։
Ակնկալում են, որ ակցիզային հարկի բեռի այս բարձրացումը լրացուցիչ հարկային եկամուտներ կբերի բյուջե։ Իսկ որտեղի՞ց պիտի գան այդ եկամուտները։ Բնականաբար, սպառողների գրպանից։ Ակցիզային հարկն անուղղակի հարկ է, որը դրվում է ապրանքի գնի վրա, ու այդ գումարը վճարում է սպառողը։
Հարկային բեռի բարձրացումից հետո, այդ ապրանքները կթանկանան ու այդ թանկացումը կծանրանա քաղաքացիների գրպանի վրա։ Քաղաքացիներն իրենց գրպանից են վճարելու այն լրացուցիչ գումարները, որոնք կառավարությունը պատրաստվում է բերել բյուջե ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի ու դիզելային վառելիքի գների բարձրացման միջոցով։
Ընտրություններից առաջ, երբ բյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանն աջ ու ձախ գումարներ էր բաժանում՝ քաղաքացիներին կաշառելու համար, կարծում էիք, թե դա ժողովրդի սիրուն աչքերի համա՞ր էին անում, կամ այդքան շա՞տ էին մտածում ժողովրդի մասին։ Բյուջեի հաշվին լուծեցին իրենց քաղաքական խնդիրները, համատարած բաժանեցին բյուջեի փողերը, հիմա հարկային բեռն ավելացնում են, որպեսզի կարողանան դրա տակից դուրս գալ։
Մի ձեռքով տվեցին, մյուս ձեռքով հետ են վերցնում։ Տված գումարները ժողովրդի քթից են բերելու։
Ընտրություններն ավարտվեցին, այլևս ՔՊ-ականների քաղաքական իշխանությանը ոչինչ չի կաշկանդում՝ հարկային բեռը քաղաքացիների ու տնտեսության վրա մեծացնելու համար։ Չկարծեք, թե ակցիզային ապրանքների հարկային բեռի բարձրացումը միակն է լինելու։ Առաջիկայում քաղաքացիներին բազմաթիվ նոր անակնկալներ են սպասվում։ Բա կարծում էինք՝ այն շռայլությունները, որ այդպես անում էին, ո՞ւմ հաշվին էին անում։ Այդ գումարները երկնքից չէին ընկնելու, դրանք մի տեղից պիտի դուրս գային։ Ու հիմա սկսել են աստիճանաբար դուրս գալ։
Ընտրություններին ՔՊ վերարտադրության ակնկալիքով տասնյակ ու հարյուրավոր միլիարդ դրամների հավելյալ բեռ են դրել պետական բյուջեի վրա, կամայական ավելացրել են ծախսերը։
Բյուջեում ոչ մի կոպեկ չէին նախատեսել թոշակները բարձրացնելու համար, բայց ընտրությունների նախօրյակին որոշեցին թոշակ բարձրացնել։ Միայն թոշակների բարձրացումը բյուջեի վրա լրացուցիչ շուրջ 200 մլն դոլարի բեռ է։ Այդ գումարը բյուջեում չկար ու արկածախնդրություն էր նման կերպ թոշակ բարձրացնելը։ Բայց բարձրացրեցին ու հիմա այս թանկացումների միջոցով փորձում են փակել բյուջեի ճեղքը։
Ընտրություններից առաջ, երբ հանպատրաստից առողջության ապահովագրություն էին ներդնում, անտոկոս գյուղատնտեսական վարկեր էին տրամադրում, պարարտանյութերի գներն էին սուբսիդավորում, կաթի գներն էին սուբսիդավորում, իրենց ստեղծած խնդիրների պատճառով՝ գյուղմթերքների արտահանման համար սուբսիդիաներ էին տրամադրում, աշխատավարձերն էին բարձրացնում, քաղաքացիների տարբեր խմբերին տարբեր ծրագրերով էին գայթակղում, այդ բոլորի համար ի վերջո մեկը պիտի՞ վճարեր, թե՞ չէ։ Եկել է վճարելու ժամանակը։
Քաղաքացին ստիպված է լինելու իր գրպանից վճարել այդ գումարները։ Մի դեպքում՝ կվճարի ակցիզային հարկի բեռն ուղղակի բարձրացնելու, մեկ այլ դեպքում՝ ապրանքների անուղղակի թանկացումների միջոցով։
Առանց հիմնավորումների բյուջեի վրա նման ծանրության դնելու հետևանքն էլ սա էր լինելու։ Այդ հետևանքը բյուջեն միայն այս տարի չէ, որ կրելու է։ Դրա ազդեցությունը զգացվելու է նաև հետագա տարիներին, երբ պարզվի, որ բյուջեի սոցիալական բեռն այնքան մեծ է, որ անհնարին է տնտեսական ծրագրերի համար գումար հատկացնելը։ Ու այդ ժամանակ կբարձրացնեն ոչ միայն հարկային բեռը, այլև կրկին կդիմեն պարտքերի օգնությանը։
Մինչև ընտրություններ ձեն-ծպտուն չէին հանում եկամուտների հայտարարագրման վերաբերյալ, գիտեին, որ դա դժգոհությունների լուրջ առիթ է տալու, ընտրություններից անմիջապես հետո հայտարարագրման թեման էլ են սկսել ակտիվացնել։ Հայտնի է, որ հայտարարագրման տակ միշտ էլ ֆիսկալ նպատակ են դրել, այդ ճանապարհով մտադիր են հարկել քաղաքացիների եկամուտները, նաև՝ դրսում աշխատած եկամուտները։
ՊԵԿ նախագահը հայտարարում է, թե աշխարհի ավելի քան 40 երկրի հետ քաղաքացիների ֆինանսական տվյալների փոխանակման վերաբերյալ համաձայնություն ունեն։ Վաղն այդ տվյալների հիման վրա հարկային պարտավորություններ են առաջադրելու քաղաքացիներին։ Ու նրանք, ովքեր դրսում գումարներ են աշխատել, փոխանցել Հայաստան իրենց ընտանիքներին, հարազատներին, պարտավոր են լինելու հաշվետվություն ներկայացնել, հարկեր վճարել։
Հավանաբար շատերը մոռացել են, որ այս տարի արդեն համատարած բոլորը պարտավոր են հայտարարագրել իրենց եկամուտները։
Քաղաքական նպատակներով և իրենց «հանճարեղ» կառավարման հետևանքով տնտեսությանը հասցրած վնասները փոխհատուցելու համար՝ բյուջեն դրել են ֆինանսական լուրջ ճնշման տակ ու հիմա միջոցներ պիտի գտնեն ստանձնած քաղաքական ծախսերը ֆինանսավորելու համար։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց սահմանափակել հայկական գյումթերքի ներմուծումը, հապճեպ որոշեցին դրանց արտահանման համար բյուջեից օժանդակություն տրամադրել։ Ընդամենը մի քանի ապրանքի արտահանման սուբսիդիաները բյուջեի վրա նստում են ավելի քան 15 մլն դոլար։ Եվ դա վերաբերում է միայն 1 ամսվան։
Պատկերացրեք, թե տարեկան ինչքա՞ն գումար պիտի վճարեն։ Եվ դա զուտ այն պատճառով, որ քաղաքական իշխանությունը որոշել է, առանց պայմաններ ստեղծելու, քաղաքական կողմնորոշումներ փոխել, ու դրա հետևանքով տնտեսությանը կանգնեցրել է փաստի առաջ։ Տնտեսությունը կորցրել է իր հիմնական արտահանման շուկան, իսկ նոր շուկաներում եղած ապրանքն արտահանելու համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարի փոխհատուցում են տալիս։ Բյուջեի այդ միջոցները, հարկատուների վճարած հարկերը, որոնք կարող էին ուղղվել այլ ծրագրերի, այդ թվում՝ սոցիալական ծրագրերի իրականացմանը, իշխանության մեղքով, վատնվում են, և ոչ մեկը չի ուզում պատասխան տալ դրա համար։ Չկա ոչ մի հիմք, որ այդ գումարները չեն փոշիանա՝ առանց որևէ արդյունքի։
Մեկ այլ հարց է, թե ինչքանո՞վ են օբյեկտիվ տրվող օժանդակության չափերը։ Չկա հիմնավորում, թե ինչո՞ւ պիտի, ենթադրենք՝ ծիրանի արտահանման սուբսիդավորման չափը լինի 200 և ոչ, ասենք՝ 100 կամ 300 դրամ։
Նույնը մյուս բոլոր գյուղմթերքների սուբսիդավորման չափերին է վերաբերում։
Այստեղ ոչ միայն պետական միջոցների փոշիացման, այլև կոռուպցիայի հետ կապված լուրջ ռիսկեր կան։ Բայց այդպիսի մանրուքներին կառավարությունում ուշադրություն դարձնող չկա, որովհետև այս ամբողջ շիլան իրենք են եփել ու հիմա անհույս փորձեր են անում՝ խուսափելու գյուղացու զայրույթից, ով կանգնած է իր աշխատանքի արդյունքը ջուրը լցնելու վտանգի առաջ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

