Բանտից բերած այս 2 իրը բերել եմ, որ ահազանգ լինի. սա ավելի կարևոր է, քան 2018թ. դատարկ կաստրյուլկեքի. Արմեն Աշոտյան
ՀՀ նախագահի նստավայրի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստները դիմեցին Երևան ժամանած եվրոպացի առաջնորդներին՝ նշելով, որ ուրախ են Հայաստանում տեսնել նրանց, բայց ուրախ չեն նրանց տեսնել որպես ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի նախընտրական շոուի մի մաս»։
«Բարով եք եկել Հայաստան, մի երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ կա, որտեղ իշխանություն կոչեցյալները ասպատակում են, հարձակվում են, պայքարում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Ճիշտ լսեցիք՝ քրիստոնյա երկրի դարպաս հանդիսացող ՀՀ-ում այսօրվա կառավարիչները պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն։ Դուք եկել եք մի երկիր, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, 200 ք/կմ ավելին օկուպացված է Ադրբեջանի կողմից, որի զավակները Բաքվի բանտերում տանջվում են։ Դուք եկել եք մի երկիր, որի իշխանություն կոչեցյալները մինչ օրս չգիտեն, թե քանի անհետ կորած կա մեր երկրից»,- հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, որ Եվրոպական Միության և Հայաստանի հարաբերություններն առ այսօր խարսխված են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված SEPA-ի վրա։
«Ցավում եմ, որ նրանք ստացել են այսպիսի այլասերված բնույթ, որտեղ Հայաստանը չի հետապնդում սեփական շահը»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ եվրոպական ղեկավարները չեն կարող հայերի համար լինել լավը կամ վատը, նրանք այդպիսին կարող են լինել իրենց երկրների ու ժողովուրդների համար։
Աշոտյանը հիշեցրեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի երեկվա արտահերթ ելույթը, որով նա, ի տարբերություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներին։
Ըստ նրա՝ Մեցոլայի ելույթը ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել ինքնիշխանությունն ու սեփական ինստիտուտները հարգող ղեկավար։



