Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացրած լիներ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո. Արդյո՞ք բանակն է լինելու մայիսի 28-ին հերոսը
Ապրիլի 15-ին Ազգային ժողովում կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2025 թ. զեկույցի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը բանակին առնչվող մի քանի հայտարարություն է արել, որոնց առանձին-առանձին կանդրադառնանք։ Եվ այսպես:
Ռազմական ակադեմիայի կուրսանտների՝ Փաշինյանի և Պապիկյանի ներկայացրած տարբեր թվերը
Խորհրդարանում Փաշինյանն ասել է. «Նախորդ տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը 2018 թվականի համեմատ աճել է 2.7 անգամ»: Այնուհետև նա շարունակել է.
«Ոչ մեկը չի ֆիքսում, որ 2018 թվականին Ռազմական ակադեմիան փակման եզրին էր կուրսանտների բացակայության պատճառով, չեն խոսում դրա մասին, չեն խոսում: 2.7 անգամ աճել է, և ուսանողները 175 հազար դրամ կրթաթոշակ են ստանում, ավելին՝ երբ իրենք ավարտեն, արդեն համարվելու են ատեստավորված և մինչև 750.000 դրամ՝ որպես սպա, աշխատավարձ ստանալու հնարավորություն ունեն։ 2026 թվականից սկսած՝ ընդունվածները, ծառայության անցած շրջանավարտները բնակարան են ստանալու»:
Այստեղ հարկ ենք համարում մի քանի դրվագ հիշեցնել:
2025 թվականի ապրիլի 17-ին խորհրդարանում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, խոսելով ռազմական կրթության ոլորտում արձանագրված փոփոխությունների մասին, անընդունելի ձևակերպումներ էր թույլ տվել:
«Մինչև 2021-2022 թվականն ի՞նչ էր ռազմական ակադեմիան, այն գաղութի և զորամասի արանքում ինչ-որ հաստատություն էր: Նույնիսկ ֆիզկուլտուրայի ամբիոն գրեթե չկար, ավեր, ներսն ամեն ինչ ավերված, դասախոսական նորմալ ամբիոններ չկային: Եղել է տարի, որ ակադեմիայում դիմորդների թիվը եղել է ընդամենը 16 հոգի, ու էս պայմաններում ուզում էինք բանակ ունենա՞լ՝ առանց բազային կրթության սպաների՞, առանց ռազմական ակադեմիայի՞»,- նշել էր նա:
Մենք ոչ միայն փաստարկված արձագանքել ենք նախկին «գայիշնիկի» պնդումներին և անթույլատրելի ձևակերպումներին, այլև անմիջապես՝ 2025 թվականի ապրիլի 19-ին, գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.
– Ապրիլյան պատերազմից առաջ՝ սկսած 2010 թվականից, և հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմողների ամենաշատ և ամենաքիչ թիվը ե՞րբ է արձանագրվել, նշել կոնկրետ տարին՝ մինչև 2018թ. իշխանափոխությունը:
– 2018 թվականից հետո ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմողների ամենաշատ և ամենաքիչ թիվը ե՞րբ է արձանագրվել, նշել կոնկրետ տարին՝ ներառյալ 2022 թվականը:- Ապրիլյան պատերազմից առաջ՝ սկսած 2010 թվականից, և հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան դիմողների ամենաշատ և ամենաքիչ թիվը ե՞րբ է արձանագրվել, նշել կոնկրետ տարին՝ մինչև 2018 թ. իշխանափոխությունը:
– 2018 թվականից հետո ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան դիմողների ամենաշատ և ամենաքիչ թիվը ե՞րբ է արձանագրվել, նշել կոնկրետ տարին՝ ներառյալ 2022 թվականը:
– Խնդրում ենք ներկայացնել արդեն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա դիմորդների թիվը 2023-2024 և 2024-2025 ուսումնական տարիների կտրվածքով:
Սակայն, մոտ 20 օր հետո իր պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը մեր կողմից հայցվող տեղեկությունները հրաժարվել էր տրամադրել՝ հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 29-րդ հոդվածին (Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը), «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին և ՀՀ կառավարության 11.01.2024թ. N5З-Ն որոշման 8-րդ կետի պահանջներին:
Այսինքն, իշխանական պատգամավորը Ռազմական ակադեմիա դիմորդների թիվ է հրապարակում՝ անկախ հստակ տարի նշելուց, և երբ փորձում ենք պարզել՝ ե՞րբ է դա տեղի ունեցել, որքանո՞վ է այս մեղադրանքը հիմնավոր, ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակման ոչ ենթակա է համարում:
Ավելին, նշենք, որ, օրինակ, 2006-2007 ուսումնական տարվա կտրվածքով, 2016 և 2020 թվականներին առնչվող թվային տվյալներ հրապարակվել էին, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի ցանկացել ցույց տալ թվային վայրիվերումները, հատկապես, երբ դա գործող իշխանությունների և պաշտպանության նախարարի օգտին է: Սրանից հետո, իհարկե, մենք դարձյալ փորձել ենք թվային տվյալներ ստանալ պաշտպանական գերատեսչությունից, բայց ապարդյուն:
Եվ քանի որ արդեն 2026 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը դարձյալ Ռազմական ակադեմիայի դիմորդների թվաքանակի հարց է առաջ բերել, մենք այս անգամ Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցից ևս մեկ անգամ խնդրել ենք տրամադրել արդեն հրապարակային թվային տվյալներ: Կտրամադրե՞ն, թե՞ դարձյալ կխուսափեն, չնայած, ըստ իրենց, վիճակագրությունն իրենց օգտին է:
Նշենք, որ 2023թ. հունիսի 8-ի ՀՀ կառավարության թիվ 914 Ա որոշմամբ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների միաձուլմամբ վերակազմակերպվել և ստեղծվել է ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկը:
Ուստի այս փաստը հաշվի առնելով, և նաև եթե ընդունենք՝ դիմորդների քիչ լինելու պատճառով, ըստ Փաշինյանի, 2018 թվականին Ռազմական համալսարանը փակման եզրին էր, ապա վերջին տարիներին տրված արտոնությունների պայմանններում 2018 թվականի Ռազմական համալսարանի և 2025 թվականի Ռազմական ակադեմիայի դիմորդների թվի համեմատությունը և պնդումը, որ 2,7 անգամ աճ է գրանցվել, արդյո՞ք շատ նշանակալի ցուցանիշ է:
Ավելին, 5 ամիս առաջ՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ին, ԱԺ ամբիոնից ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր.
«Ակադեմիայի կուրսանտների թիվը 2018 թվականի համեմատ աճել է 26 %-ով, ինչը վկայում է, որ էապես փոխվել է մեր հանրության վերաբերմունքը ռազմական կրթության նկատմամբ և մեր երիտասարդների վերաբերմունքն այս մասնագիտության նկատմամբ»:
Ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի ներկայացրած թվերը տարբեր են:
Ի դեպ, գեներալներին «դասեր տվող» Փաշինյանն այս տարի հունվարին մոռացել էր, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը 2023 թվականի հունիսից ակադեմիայի կարգավիճակ ունի, և, որ ռազմական հաստատություններում սովորողները ոչ թե ուսանող են, այլ՝ կուրսանտ, երեկ ԱԺ-ում այս առումով սխալներ չկային: Դրական արձանագրում:
Իսկ մենք սպասելու ենք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա ղեկավարած կառույցի արձագանքին՝ տրամադրել առնվազն 2018 թվականի և 2025 թվականի Ռազմական համալսարանի, այնուհետև՝ ակադեմիայի կուրսանտների թիվը, և հաստատել կամ հերքել՝ արդյո՞ք փակման եզրին է եղել:
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում Փաշինյանն ընդամենը նախընտրական հաշվետվություն է տալու
Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում պնդել է, թե իրենց պրոֆեսիոնալ բանակի ճանապարհին են, ի զորու են պահել և՛ ժամկետային զինծառայող, և՛ ոչ ժամկետային: Եվ սրանից անցում է կատարել դեպի ամրացված շրջաններ:
«Երբ մենք խոսում ենք լրացուցիչ վեց ու վեց միլիարդ դոլարի մասին, ո՞ւր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ և տեսեք, թե ուր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ և տեսեք, թե ինչպես է անվտանգությունը և զինվորի բարեկեցիկ և հարմարավետ ծառայությունը: Ամրացված շրջանները՝ ընդդիմությանը խնդրում, աղաչում ենք, ասում ենք՝ լսեք՝ եկեք, հրավիրում ենք ձեզ, եկեք գնանք նայենք, եկեք գնանք նայենք և դուք ցույց տվեք ձեր ժամանակ դրա թեկուզ 73 կմ մոտիկ որևէ բան, ցույց տվեք մի հատ ուղղակի։ Այդ որ իրենք իբր մեզ հակադարձում էին, որ ասում էին՝ մեր ամրացված շրջանները․․․դուք կոնսերվայի կոկոշներով եք բան արել, ձեր այլընտրանքը եղել է կոնսերվայի կոկոշները, այստեղ վրդովվում էին…»,- հայտարարել է նա՝ բանակի համար արված ինչ-որ բաներ ներկայացնելով՝ որպես «ադալժենի», ոչ թե որպես պարտականություն և պատասխանատվություն:
Ի դեպ, 2022 թվականին մենք Տավուշի հատվածի դիրքերում արձանագրել ենք «կանսերվայի կոկոշներ», և ավելի ուշ մեր արած լուսանկարը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ներկայացրել էր՝ որպես նախկինների ժամանակվա դիրքերի լուսանկար: Ավելին, ժամանակին իշխող ուժի ներկայացուցիչները ծաղրում էին դիրքերում անվադողերի առկայությունը, բայց այսօր էլ կարելի է դիրքերում անվադողեր տեսնել:
Իհարկե, ոչ ոք չի անտեսում բանակային դիրքերում կահավորման արված աշխատանքներն ու ինժեներական լուծումները, ինչի մասին օրերս դարձյալ տեսանյութ էր տարածել Սուրեն Պապիկյանը, բայց երբ պատերազմ ես պարտվել, երբ դիրքային բախումների ընթացքում զգալի մարդկային և տարածքային կորուստներ ես ունեցել, և անընդհատ հիշում ես նախկինների «բանկա-բութուլկան», արդյո՞ք ազնիվ է կամ ճիշտ: Նախկինում գուցե կարելի էր ավելին անել, բայց բարոյակա՞ն է արդյոք ծաղրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ումից, 2016 թվականի ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո գնացել խրամատ ես փորել և դրա համար պատվոգիր և մեդալ ստացել…
Իսկ Փաշինյանը վերջում չէր կարող ԱԺ ամբիոնից չհիշել մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում սպասվող սպառազինության ցուցադրությունը, որի մասին շատ ավելի վաղ էինք հայտնել։
«Դե, իսկ սպառազինությունների ձեռքբերման մասին, որն, այո, այդ թվում՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով, նաև արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցներով է ձեռք բերվել։ Հիշում եք, որ անընդհատ Հայաստանի արտաքին պարտք, պետական պարտք, այդ շահարկումներին արձագանքեցի, ես հիմա սպառազինությունների մասին չեմ խոսում, որովհետև ինչպես ասում են՝ լավ է մի անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, և մենք, նորից ուզում եմ ընդգծել, բացարձակապես մենք ընդհանրապես այդպիսի մտադրություն ոչ ունեինք, ոչ էլ այդպիսի ցանկություն ունեինք, մանավանդ, որ շատ գաղտնի ինֆորմացիաներ, այսինքն, ինչ-որ բաներ կա, մեկ է, բոլոր երկրները, իհարկե, անում են, և, այսպես թե այնպես, միջազգային մամուլում շրջանառվել է, մենք ինչ ենք ձեռք բերել, բայց ամեն դեպքում, մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել վերջին տարիներին։ Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առիթով, Հանրապետության հրապարակում կցուցադրենք, իմիջիայլոց, միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել 2022 թվականից հետո և ուզում ենք պարզապես հաշվետու լինել մեր ժողովրդին, որպեսզի հույս ունենանք՝ հարցերը կփակվեն, նաև արտադրել»,- ապրիլի 15-ին Ազգային ժողովում կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2025 թ․ զեկույցի քննարկմանն ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե իբր այդ օրն այն, ինչ պետք է քողարկվի, կքողարկվի:
Այսինքն, սա ոչ այնքան բանակի մարտունակության, կամ, ինչպես իրենք են ասում՝ պաշտպանունակության ցուցադրություն է, այլ սեփական անվան համար հաշվետվություն: Այլ կերպ ասած՝ օրվա հերոսը ոչ թե բանակն է լինելու, այլ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը:
Հավելենք, որ վերջերս Սուրեն Պապիկյանն էլ հայտարարել էր, թե՝ իր պաշտոնավարման ժամանակ «5.4 անգամ ավելի շատ ծախս է արվել սպառազինության վրա, քան նախկին երկու նախագահների տարիներին»:
Իհարկե, բանակին առնչվող ցանկացած ձեռքբերում դրական է, սակայն բանակի մարտունակությունը չի որոշվում միայն սպառազինությամբ, կան մի շարք կոմպոնենտներ, այդ թվում՝ անձնակազմի թվաքանակ, նրա մարտական պատրաստվածության աստիճանը և այլն, եթե չասենք, որ պետության մասին դատում են պատերազմի արդյունքներով:
Իսկ այս հայտարարությունից առաջ մենք գրավոր հարցում ենք ուղարկել պաշտպանության նախարարին՝ պարզելու, թե նախքան 2018 թվականի հեղափոխությունը Հայաստանը, բացի Ռուսաստանից, ո՞ր երկրներից է զենք և ռազմական տեխնիկա ձեռք բերել, և կոնկրետ ի՞նչ, և պետական պարտքի ավելացման քանի՞ տոկոսն է բաժին ընկնում նոր սպառազինության գնմանը, սակայն Սուրեն Պապիկյանը մերժել էր մեզ տրամադրել այդ տեղեկությունները:
168.am-ը գրել է նաև, որ 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության զարգացման նախագիծ էր ներկայացրել Փաշինյանին, որը, ըստ էության, չի իրականացվել, եթե անգամ այդ պահին չի մերժվել:
Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը մի տեսակ մոռացության են մատնում 2018-2022-ն ընկած ժամանակահատվածը, երբ 2019-ին ամեն պատեհ և անպատեհ առիթի հպարտանում էին զենքի աննախադեպ ձեռքբերումներով: Արդյո՞ք չպետք է այս առումով ևս հաշվետվություն ներկայացվի ծախսերի և պատերազմում կորուստների…



