Բաժիններ՝

Մոլդովան պաշտոնապես դուրս կգա ԱՊՀ-ից 2027 թ. ապրիլի 8-ին. փոխվարչապետ

Մոլդովայի Հանրապետությունը պաշտոնապես դուրս կգա Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) 2027 թ. ապրիլի 8-ին՝ Մինսկում կազմակերպության քարտուղարությանն ուղարկված պաշտոնական ծանուցումից 12 ամիս անց։ Ինչպես  տեղեկանում ենք Moldpres գործակալությունից, այս մասին կառավարության նիստից հետո հայտնել է Մոլդովայի փոխվարչապետ Միհայ Պոպշոյը։

«Մենք ստացել ենք (խմբ.՝ Մինսկում ԱՊՀ քարտուղարության կողմից) այս ծանուցման ստացման հաստատումը։ Այսպիսով, իրավական տեսանկյունից, 12 ամիս անց՝ հաջորդ տարվա ապրիլի 8-ին, միջազգային իրավունքի համաձայն՝ մենք այլևս չենք լինի ԱՊՀ-ի մաս։ Սակայն գործնական տեսանկյունից, մենք արդեն երկար տարիներ է՝ փաստացիորեն այլևս ԱՊՀ-ի մաս չենք, քանի որ չենք մասնակցել քաղաքական միջոցառումներին և այլ միջոցառումների, որոնք չեն համապատասխանում Մոլդովայի Հանրապետության շահերին», – հայտարարեց Պոպշոյը։

Փոխվարչապետը նաև նշել է, որ Մոլդովան կմնա մի շարք տնտեսական համաձայնագրերի մաս։

«Այստեղ խոսուն է Վրաստանի փորձը։ Նրանք չեղյալ են հայտարարել հիմնարար համաձայնագրերը, ինչպես արել ենք մենք, բայց մնացել են տնտեսական համաձայնագրերի մաս. մենք նույնպես ճիշտ այդպես ենք վարվում», – ընդգծել է Միհայ Պոպշոյը։

Moldpres-ը հիշեցնում է, որ վերջին երկու տարվա ընթացքում Մոլդովայի Հանրապետությունը սկսել է ԱՊՀ շրջանակում կնքված փաստաթղթերի արդիականության և կիրառելիության ուսումնասիրության լայն գործընթաց։ Մինչ օրս ԱՊՀ 283 համաձայնագրից 71-ն արդեն չեղյալ է հայտարարվել, մոտ 60-ը վերանայման փուլում են։

Ապրիլի 2-ին Մոլդովայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատել է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի, ինչպես նաև կազմակերպության արձանագրության և կանոնադրության չեղյալ հայտարարումը՝ այդպիսով նշանավորելով Մոլդովայի Հանրապետության վերջնական դուրս գալը ԱՊՀ կանոնադրական մարմիններից։

Որոշումը կայացվել է երկրի Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, որը պնդում էր, որ ԱՊՀ հիմնարար արժեքներն ու սկզբունքներն այլևս չեն հարգվում, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության առումով։ Մոլդովայի իշխանությունները հղում են կատարում տարածաշրջանում Ռուսաստանի գործողություններին, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին և Մոլդովայի տարածքում անօրինական ռազմական ներկայությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930