Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած խոշոր վթարից տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին, իսկ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։
«Երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նրանք վերակենդանացման բաժանմունքում են»,- ասել է Ծատրյանը։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին` ժամը 12։00–ի սահմաներում, Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 2-ը երեխաներ են, ևս 5 մարդ հոսպիտալացվել է։
«BMW»-ն վարել է 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը` 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով մահացել են «BMW»-ի ուղևոր 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն և 8 ուղևորներից 4-ը՝ 56 տարեկան Լեյլի Խ.-ն, 20 տարեկան Արման Տ.-ն, 5 տարեկան Ռուզաննա Խ.-ն և 1 տարեկան Միհրան Խ.-ն։
«BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն և «Opel»-ի մյուս ուղևորները՝ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8 տարեկան Լեյլի Խ.-ն, 3 տարեկան Տիգրան Խ.-ն և 1 տարեկան Դավիթ Խ.-ն, տեղափոխվել են բուժկենտրոններ։



