Քուվեյթը և Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել են նոր հարվածների համար, ԻՀՊԿ-ն հերքել է մեղադրանքները
Քուվեյթը և Սաուդյան Արաբիան Իրանին և նրա դաշնակիցներին մեղադրել են իրենց տարածքներում գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, չնայած ժամանակավոր հրադադարի ռեժիմին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 9-ի երեկոյան «թիրախավորվել է Քուվեյթի մի քանի կենսականորեն կարևոր օբյեկտ», իսկ Սաուդյան Արաբիայի պետական գործակալությունը, հղում անելով աղբյուրի, հաղորդել է, որ գրոհների հետևանքով վնասվել են թագավորության վառելիքաէներգետիկ համալիրի մի շարք օբյեկտներ։
«Մասնավորապես, գրոհի են ենթարկվել Արևելք-Արևմուտք կենսականորեն կարևոր խողովակաշարի պոմպակայանները (խմբ.՝ խողովակաշարը թույլ է տալիս նավթ արտահանել առանց արգելափակված Հորմուզի նեղուցն օգտագործելու), ինչը հանգեցրել է խողովակաշարով մղվող օրական շուրջ 700 հազար բարել նավթի կորստի. սա այս ժամանակաշրջանում համաշխարհային շուկաներ մատակարարման հիմնական երթուղին է։ Հարձակումը նաև վերաբերել է Մանիֆայի նավթավերամշակման գործարանին, ինչը հանգեցրել է օրական շուրջ 300 հազար բարել նրա արտադրական կարողության կրճատման», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կտրականապես հերքում է իր մասնակցությունը հարվածներին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հրադադարի ժամերի ընթացքում որևէ երկրի դեմ որևէ հրթիռ չեն արձակել», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Press TV հեռուստաալիքը։
ԻՀՊԿ-ում հավելել են, որ հարվածները կարող են սադրանք լինել ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից։
ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ին համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը պետք է Պակիստանում բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։



