Վերադարձի ակնկալիքն իրատեսական չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
ՀԱՊԿ-ի մասով անընդհատ հետ նայելու ռեժիմում չպետք է լինենք և վերադարձ դեպի այդ կառույց ակնկալելն իրատեսական չէ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այլ քննարկումներ եղել են ՀԱՊԿ-ի մասով, և արդյոք հայկական կողմի մոտ կա՞ փոփոխություն ՀԱՊԿ–ին անդամակցելու կամ դուրս գալու մասով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Կրեմլում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հավակնությունների հարցում պետք է վերջակետ դնել և դա չդարձնել ներքաղաքական գործընթացների մաս՝ սպասվող ընտրությունների ֆոնին:
«Շատ լավ. եղել է 2021 թվական, 2022 թվական, սակայն մենք անընդհատ չպետք է այդ կետի վրա մնանք։ Մեր հարաբերությունները մեծ օրակարգ, մեծ պոտենցիալ ունեն, և մենք պետք է առաջ նայենք, քանի որ, այո, ամեն մեկն ունի իր ճշմարտությունն այդ հարցերի վերաբերյալ։ Մենք չպետք է անընդհատ այդ նույն կետի վրա սկսենք քննարկել, ծանրութեթև անել։ Իհարկե, դրա անհրաժեշտությունը կար, սակայն կարծում եմ` բավարար չափով ծանրութեթև արել ենք և եկել ենք որոոշակի եզրակացությունների, հարգանքի մթնոլորտում կիսել ենք այդ եզրակացությունները իրար հետ»,- նշեց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ Պուտինի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ շարունակել են քննարկումները, սակայն իր եզրակացությունն ու առաջարկը սա է եղել՝ եթե հնարավոր լինի, բավարար չափով քննարկված համարել այս թեման և անցնել օրակարգի մյուս հարցերի քննարկմանը, այսինքն` անընդհատ հետ նայելու այդ ռեժիմում չլինեն։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:



