Ակտիվ ցիկլոն և ծանր տեղումներ Հայաստանում. պատճառներ, հետևանքներ և առաջիկա օրերի կանխատեսում
Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ՝ կարճատև տեղումներով և առանձին օրերին քամու ուժգնացմամբ. Ապրիլի 2-ի կեսօրից հետո և 3-5-ին շրջանների մի մասում կանխատեսվում են տեղումներ՝լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, իսկ ապրիլի 3-5-ին քամու արագությունը տեղ-տեղ կարող է հասնել 14-17մ/վ-ի, մինչդեռ ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա նշեց, որ Հայաստանում մարտի 27-28-ին դիտված ինտենսիվ տեղումները պայմանավորված էին հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ, որի արդյունքում, ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում արձանագրվեցին տեղումներ։ Տեղումների բնույթը կախված էր տեղանքի բարձրությամբ․ լեռնային շրջաններում դրանք հիմնականում դիտվել են ձյան և ձնախառն անձրևի տեսքով, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի։
Մարտի 27-ին առավել ինտենսիվ տեղումներ գրանցվել են Սյունիքի մարզում, մասնավորապես Կապան քաղաքում, որտեղ մեկ օրվա ընթացքում տեղումների քանակը հասել է 47 մմ-ի, որը մարտ ամսվա կլիմայական նորմայի շուրջ 75 տոկոսն է: Մարզի մյուս հատվածներում նույն օրն արձանագրվել է 15–32 մմ տեղում։ Արագած լեռնային օդերևութաբանական կայանի տվյալներով՝ մարտի 28-ին ձյան շերտի բարձրությունը հասել է 324 սմ-ի։
Այս տարվա մարտ ամիսը ամենատեղումնառատն է՝ սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98.1 մմ կամ նորմայի 198 %-ը։ Նախորդ տարվա նույն ամսում տեղումներն ավելի քան 2 անգամ ցածր էին, իսկ օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 2.9 °C-ով:
Երկրորդ տեղումնառատ մարտը դիտվել է 1969 թվականին՝ 94.5 մմ, իսկ ամենաչոր մարտը դիտվել է 1951 թվականին՝ ընդամենը 13.4 մմ տեղումների քանակով։ Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 3.6°C-ով 1935–2026 թվականների ընթացքում, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով։
«Մարտի 27-ին Կապանում գրանցված ինտենսիվ տեղումները զգալի ազդեցություն են ունեցել ինչպես բնական միջավայրի, այնպես էլ ենթակառուցվածքների վրա։ Ինտենսիվ տեղումներով պայմանավորված՝ հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, իսկ հատկապես Ողջի գետի ավազանում՝ զգալի աճ։ Եթե մարտի 26-ին Ողջի-Կապան հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը կազմել է 3–4 մ³/վ, ապա մարտի 27-ի առավոտյան այն մոտ 9–10 անգամ ավելի բարձր է եղել՝ հասնելով 29.5 մ³/վ-ի։ Ջրի բարձր ելքերը պահպանվել են նույն օրը տեղումների ընթացքում, իսկ մարտի 28-ից, ջերմաստիճանի նվազման և տեղումների դադարի պայմաններում, սկսել են նվազել»,- ասաց Ազիզյանը։
Նպաստավոր հանգամանք է հանդիսացել այն, որ մարտի 27-ին բարձր լեռնային շրջաններում տեղումները հիմնականում թափվել են ձյան տեսքով, ինչը թույլ է տվել խուսափել գետերում վտանգավոր բարձր մակարդակներից։ Այնուամենայնիվ, շարունակական տեղումների հետևանքով արձանագրվել են նաև քարաթափումներ։
Մարտի 28–29-ին դիտված տեղումների հետևանքով ջրի ելքերի բարձրացումներ են արձանագրվել նաև Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում։
Գարնան ամիսներին ինտենսիվ տեղումները և ամպրոպները հաճախ կարող են ուղեկցվել քամու ուժգնացմամբ․ առանձին դեպքերում քամու արագությունը կարող է հասնել մինչև 20–25 մ/վ-ի։ Սակայն մարտի 27–28-ին վտանգավոր քամիներ չեն դիտվել։
Տեղումների ինտենսիվության մեծացումը, բնականաբար, ուղիղ կերպով կապված է նաև հեղեղումների ռիսկերի մեծացման հետ։ Հատկապես ակտիվ կարող են դրսևորվել քաղաքային հեղեղումները, որոնք առաջանում են այն դեպքում, երբ տարածքը հիմնականում բետոնապատ կամ ասֆալտապատ է, բուսական և անտառային մակերեսները քիչ են, և տեղումները անմիջապես վերածվում են մակերեսային հոսքի՝ գերազանցելով ջրահեռացման համակարգերի հնարավորությունները։
Ավելի վտանգավոր են այն իրավիճակները, երբ ինտենսիվ տեղումները համընկնում են գետավազաններում առկա մեծածավալ ձյան պաշարների հալքի հետ՝ առաջացնելով խառը անձրևահալոցքային ծագման հոսքեր, որոնք կարող են կրել աղետաբեր բնույթ։
2025 թվականից գործում է նաև Armhydromet բջջային հավելվածը, որտեղ ներկայացվում են եղանակի փաստացի վիճակի և հնգօրյա կանխատեսումների տվյալներ։ Վտանգավոր երևույթների դեպքում հատուկ նախազգուշացումները հասանելի են դառնում նաև ծանուցումների միջոցով։
«Գետերի հոսքերի վերաբերյալ դիտարկումները ներկայում իրականացվում է երկժամյա կտրվածքով, սակայն հեղեղումների կանխատեսման տեսանկյունից կարևոր է ավտոմատ հիդրոլոգիական կայանների զարգացումը։ Ներկայում նման կայաններ գործում են ընդամենը 9 դիտակետում։ Միաժամանակ, անհրաժեշտ են նաև կանխատեսման մոդելներ, որոնք հնարավորություն կտան գնահատել հեղեղումների ռիսկերը տեղային մակարդակում»,- եզրափակեց Լևոն Ազիզյանը։



