ՀԱՆՐԱՅԻՆԸ ՍՏՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԵԹԵՐՈՒՄ. Տիգրան Պասկևիչյան

Լրագրող, հրապարակախոս, հանրային գործիչ Տիգրան Պասկևիչյանը գրում է. «Ապրում ենք համընդհանուր անպատասխանատվության ժամանակաշրջանում՝ ամենավերից մինչեւ ստորին մակարդակներ։ Այստեղ ստորին բառը ոչ թե տեղորոշում է, այլ հոգեվիճակ։ Այդ հոգեվիճակում են հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանն ու հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Հեռախոսով պատասխանելով Factor TV-ի թղթակից Ռոզա Վարդանյանի հարցին, թե ինչո՞ւ ավելի քան հինգ տարի չի ցուցադրվում Տիգրան Պասկեւիչյանի «Անկախության մեր ճանապարհը», Դարբինյանն ասել է` ֆիլմը 2020-ի օգոստոսի 23-ին պատրաստ չի եղել։

Մեկ էլ ասում է, թե կա դատարանի վճիռ եւ այդ վճիռը «սիրուն աչքերի համար» շրջանցելի չէ։ Սույն անձնավորությանը հարցնում են՝ ինչու չի ցուցադրվել (անցյալ ժամանակով, որը ներառում է 2020-2026 թվականները), հղում է անում երեկ չէ առաջին օրը կայացված մի վճռի։

Factor TV-ն դիմել է նաեւ Հանրային հեռուստաընկերությանը։ Այս եւ հավանաբար այլ նամակների, հրապարակումների, գրառումների պատասխանել է Հանրայինի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ ըստ էության ասելով նույն բանը՝ պայմանագիր, ժամկետ եւ այլն։

Հիմա ամեն ինչ հերթով։ Պայմանագիրն ինձ հետ կնքվել է 2020 թվականի հուլիսի 24-ին երեք ամսով։ Այսինքն՝ գործը պետք է ավարտեի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, ոչ թե օգոստոսի 23-ին, ինչպես ասել է Վասակ Դարբինյանը։ (Ի դեպ, եթե ՎԴ-ն պատահական մարդ չլիներ, ոլորտից մի քիչ հասկանար, կիմանար, որ մեկ ժամանոց ֆիլմը 29 օրում չի պատրաստվում։ Գոնե կարող էր հարցրած լինել իր օրթախ Արա Շիրինյանին։)

Վերադառնանք պայմանագրին։ Հանրայինի իրավաբանը մի բացատրություն էր բերել դատարան, թե հոկտեմբերի 24-ին (2020 թվականի) իրենք, окзывается, ցուցադրելու էին ֆիլմը, իսկ ես … ա՜յ, ա՜յ, ա՜յ… չեմ հասցրել աշխատանքն ավարտել պայմանագրում նշված ժամկետում։

Երբ ես դատարանում հարցրի՝ հանրայինը պատերազմի ամենաթեժ պահին հաստա՞տ պատրաստվում էր ցուցադրել ֆիլմը, հայցվորի իրավաբանն էլ, դատավորն էլ անհարմար վիճակում հայտնվեցին։
Հիմա հարցեր…

Եթե ես խախտել էի պայմանագրի ժամկետը, ինչո՞ւ տույժ-տուգանք չի կիրառվել եւ ինչո՞ւ է եւս 60 օրով երակարացվել պայմանագիրը։ Կարո՞ղ էր այդ երկարացումն արվել առանց հանրայինի համաձայնության։

Արդյո՞ք մեկանգամյա ցուցադրության համար է պատվիրվել ֆիլմը։ Կարո՞ղ էր այն ցուցադրվել 2021, 2022, 2023, 2024, 2025, 2026 թվականներին։ Եվ արդյո՞ք մեկանգամյա ցուցադրության համար 4.2 միլիոն դրամը չափազանց մեծ գումար չէ ու քաղաքացիների վճարած հարկերի վատնում։
Ինչո՞ւ է հանրայինն ընդունման-հանձնման ակտով ընդունել աշխատանքը, չէ՞ որ իբր խախտել էի ժամկետը։

Մի՞թե ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությանն այսքան տարի չի հետաքրքրել, թե ինչու է 4.2 միլիոն արժեցող 58 րոպեանոց ֆիլմը դրվել դարակում ու չի օգտագործվել։ Նույն ֆիննախը, որը հաղորդումների ու ֆիլմերի տեւողությունները քանոնով է չափում ու համեմատում ծախսերի հետ։
Եթե այս հարցերին ողջամիտ, համոզիչ պատասխան չտրվի, հանրությունը շարունակելու է մտածել, որ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրությունը կասեցվել է ՎԵՐԵՎԻՑ ԻՋԵՑՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՈՎ, եւ որ սա ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ է։

Եվս մեկ կեղծիք։ Հանրայինի գործադիր տնօրենն իր պարզաբանման մեջ գրում է.

«… որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի»։
Նա հավանաբար մոռացել է, որ 2023 թվականի մարտի 3-ին ես նամակ եմ գրել եւ առաջարկել եմ ողջամտորեն լուծել ֆիլմի օգտագործման հարցը։ ՆԱՄԱԿԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ, ինչից հետո ինձ իրավունք եմ վերապահել կազմակերպելու դահլիճային ցուցադրություններ, կրկնում եմ ցուցադրություններ, ՄԻ ՇԱՐՔ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։

Նա գրում է նաեւ, որ դատական գործընթացի ընթացքում ես հաշտության առաջարկ եմ արել։ Կցում եմ իմ առաջարկն ու հանրայինի պատասխանը, ինքներդ գնահատեք, թե որքանո՞վ են դրանք հանդիպելի։

Ամենավերջում էլ Հովհաննես Մովսիսյանը փորձում է պարզերես անել Արամազդ Ղալամքարյանին՝ ռուս առակագիր Կռիլովի հանգույն. «За что же, не боясь греха,
Кукушка хвалит Петуха? За то, что хвалит он Кукушку»։

Միայն պարզ չի, թե ո՞վ էր Հովհաննես Մովսիսյանը 2020-ի հուլիսին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930