Ադրբեջանի կողմից նոր ռազմական էսկալացիայի վտանգ չկա. Բենիամին Պողոսյան
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շուրջ քննարկմանն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը նշեց, որ Թուրքիան ամեն ինչ ուզում է անել, որ չներգրավվի այս պատերազմում, չնայած Իրանի կողմից իր օդային տարածքի ուղղությամբ հրթիռների արձակման դեպքերին, որոնք, իհարկե, դեռ պետք է քննվեն:
«Թուրքիայում հստակ ընկալում կա, որ սա Թուրքիայի պատերազմը չէ, և պետք է ամեն ինչ անել, որ չլինի ուղղակի ներգրավում: Եվ երկրորդ, պետք է ամեն ինչ անել՝ թույլ չտալու Իրանի մասնատումը, որովհետև Թուրքիայում լուրջ մտահոգություններ կան, որ Իրանի ցանկացած մասնատման դեպքում Թուրքիան կունենա ևս մեկ քրդական ինքնավարություն Իրանում, իսկ այնտեղ քրդերի թիվը շատ ավելի մեծ է, քան Սիրիայում: Եթե խոսում ենք հումանիտար հետևանքների մասին, ապա դրանք առայժմ բավականաչափ սահմանափակ են»,- շարունակեց նա՝ հավելելով, որ այս պահին իրադարձություններն այն սցենարով չեն զարգանում, որ իրավիճակը դուրս գա Իրանի իշխանությունների վերահսկողությունից, որը հանգեցնի փախստականների մեծ հոսքի, ինչը չի կարող շրջանցել նաև Հայաստանը:
«Փախստականների որևէ հոսք չկա, ընդ որում, նման տեղեկություններ չկան ո՛չ Թուրքիայից, ո՛չ Իրանից, ո՛չ էլ Ադրբեջանից»,- ասաց Բենիամին Պողոսյանը:
Անդրադառնալով պատերազմի ազդեցությանը Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, ըստ քաղաքագետի, այստեղ ունենք մոտավորապես նույն իրավիճակը, ինչ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, երբ ստորագրվեց վաշինգտոնյան հռչակագիրը:
«Նոր ռազմական էսկալացիայի վտանգի հավանականությունն Ադրբեջանի կողմից շարունակում է մնալ զրոյական: Բայց նաև խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը Բաքուն շարունակում է կապել ՀՀ սահմանադրության փոփոխության՝ մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը սահմանադրությունից հանելու հետ: Եվ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորումը, ներառյալ՝ սահմանի ամբողջական բացումը, ապա այստեղ Թուրքիայի դիրքորոշումը նույնն է՝ դա կլինի միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից և վավերացումից հետո»,- մանրամասնեց Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



