Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին
Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած «RAF 07» ըմբշամարտի մրցաշարի գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ-գոտեմարտն էր։
Հայ մարտիկը վստահորեն վերահաստատել է իր առավելությունը՝ մրցակցին պարտության մատնելով 9:3 հաշվով: Այսպիսով, Ծառուկյանը երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել ամերիկացի մարզիկի նկատմամբ՝ վերջնականապես ամրապնդելով իր դիրքերն այս սկանդալային դիմակայությունում:
Հիշեցնենք, որ մարզիկների առաջին հանդիպումը կայացել էր «RAF 6» մրցաշարի շրջանակներում։ Այն ընթացել էր համեմատաբար հավասար պայքարում և ավարտվել Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3 հաշվով:
Սակայն այդ գոտեմարտը երկրպագուների հիշողության մեջ տպավորվել էր ոչ միայն մարզական բաղադրիչով. մենամարտի ավարտից հետո, զայրացած ամերիկացու պահվածքից, Ծառուկյանը հարվածներ էր հասցրել մրցակցին, ինչն էլ հանգեցրել էր երկու կողմերի թիմերի ներկայացուցիչների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի:



