«Անվճար» վարկեր՝ ընտրական ձայների դիմաց. աջակցությո՞ւն, թե՞ քաղաքական կաշառք
Ընտրությունները որքան մոտենում են, այնքան քաղաքական իշխանությունն ավելի լայն է բացում պետության գրպանները՝ իր քաղաքական խնդիրների լուծման համար։
Օրերս հերթական նախընտրական նախաձեռնությամբ հանդես եկան. ընտրություններից ընդամենը 2-2.5 ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շտապեց հայտարարել, որ շուտով գյուղացիներին կտրամադրվեն զրո տոկոսով գյուղատնտեսական վարկեր։
Զրո տոկոսով վարկեր, բնականաբար, չեն լինում։ Դա նշանակում է, որ այդ վարկերի տոկոսները փակելու բեռը ամբողջությամբ իր վրա է վերցնում պետական բյուջեն։ Դրանք սուբսիդավորվելու են բոլորիս վճարած հարկերի հաշվին։
Թե ինչո՞ւ են հենց հիմա որոշել, որ գյուղացուն պիտի անտոկոս վարկեր տրամադրեն, երբ դեմն ընտրություններ են, բոլորին էլ պարզ է. դրանով քաղաքական իշխանությունը քաղաքական խնդիրներ է լուծում իր համար՝ պետական միջոցների հաշվին շահագրգռելով գյուղացիներին՝ ընտրությունների ժամանակ քվեարկելու իշխող ուժի օգտին։
Այս ակնհայտ նախընտրական նախաձեռնությունը կներկայացնեն՝ որպես աջակցություն գյուղատնտեսության ոլորտին, սակայն, երբ պետական միջոցների հաշվին իրականացվող նախաձեռնության մասին հայտարարվում է հենց ընտրությունների նախաշեմին, այն անխուսափելիորեն ստանում է քաղաքական երանգ՝ որպես ընտրական շրջանին միտված ազդակ և հասարակության որոշակի խմբերին ուղղված նպատակային միջամտություն։
Զրո տոկոսով վարկերի տրամադրումը, որը ենթադրում է տոկոսների սուբսիդավորում պետական բյուջեի հաշվին, իրականում նշանակում է, որ հանրային միջոցներն օգտագործվում են որոշակի սոցիալական խմբի ֆինանսական պայմանները բարելավելու համար հենց այն պահին, երբ այդ խումբը պետք է քաղաքական որոշում կայացնի։
Նման համընկնումը, նույնիսկ առանց ուղիղ ապացույցների, առաջացնում է լեգիտիմ հարց՝ արդյո՞ք սա գյուղատնտեսության ուղղակի աջակցություն է, թե՞ նախընտրական կաշառք՝ գյուղացիական տնտեսություններին։
Ընտրությունների նախաշեմին գյուղացիներին պատրաստվում են շահագրգռել անտոկոս վարկերով, երբ առանց դրա էլ՝ գյուղացին ճռռում է վարկերի տակ։ Պարծենում են, թե գյուղատնտեսության մեջ միլիարդավոր դրամների հասնող ծրագրեր են իրականացրել, բայց տարիներ շարունակ գյուղատնտեսության մեջ անկում է գրանցվել։ Մինչդեռ՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստվում են Հայաստանում հեղափոխական տեմպերով զարգացնել գյուղատնտեսությունը:
«Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով՝ չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է գրեթե 8 տարի առաջ, երբ ստանձնում էր կառավարության ղեկավարի պաշտոնը։ Թե այս 8 տարիներին նրա գլխավորած կառավարություններն ու քաղաքական իշխանությունն ինչպիսի հաջողությունների են հասել գյուղատնտեսությունը հեղափոխական տեմպերով զարգացնելու ու չմշակող հողերի քանակը շեշտակի նվազեցնելու, չասենք՝ նման հողերի գոյությունը բացառելու առումով, բոլորի աչքի առաջ է։
Այսօր էլ Հայաստանում վարելահողերի գրեթե 50 տոկոսը շարունակում են մնալ անմշակ։ Առկա 446 հազար հեկտար վարելահողերից, վերջին տվյալներով, մշակման տակ են ընդամենը 220-230 հազարը։
Այստեղ վերջին տարիներին ոչինչ չի փոխվել, փոխարենը՝ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե գյուղատնտեսության մեջ մեծ հաջողությունների են հասել։ Կարծում են՝ մի քանի ջերմոց սարքելով՝ գյյուղատնտեսությունն են զարգացնում։ Ութ տարի առաջ ՀՆԱ-ում գյուղատնտեսության կշիռը շատ ավելի մեծ էր, քան հիմա է։
Ութ տարում գյուղատնտեսության կշիռը գրեթե կրկնակի կրճատվել է։ 2017թ. ՀՆԱ-ում 15 տոկոսն էր, անցած տարի կազմեց ընդամենը 7.9 տոկոսը։
Այդպես է, որովհետև 2018թ. հետո գյուղատնտեսությունը գրեթե մշտապես անկումային է եղել։ 2021 թվականին ոլորտի համախառն արտադրանքի կրճատումը հասավ շուրջ 8 տոկոսի։ 2022թ. որոշ չափով վերականգնվեց, բայց չստեղծվեցին կայուն աճի հիմքեր։
Հետագա տարիներին ևս նույն միտումները պահպանվեցին՝ հնարավորություն չստեղծելով փոխհատուցելու նախորդ շրջանի կորուստները։
Այդ իրավիճակը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության ոլորտի կառավարումը տարիներ շարունակ ձախողել են, ընտրությունների նախաշեմին որոշել են անտոկոս վարկերով կաշառել գյուղացիներին, որպեսզի ձայն տան իշխող քաղաքական ուժին։
Վարկերի տոկոսների սուբսիդավորումը նշանակում է, որ պետությունն իր վրա է վերցնում ֆինանսական բեռը՝ բյուջեի հաշվին նվազեցնելով վարկառուի ծախսերը։ Բայց մոռանում են, որ գյուղացու ու գյուղատնտեսության խնդիրները չեն սահմանափակվում միայն ֆինանսականով։ Ոռոգման համակարգերի անարդյունավետությունը, շուկաների հասանելիության սահմանափակումները, արտադրանքի իրացման խնդիրները և բնակլիմայական ռիսկերը շարունակում են սահմանափակել ոլորտի զարգացումը։ Այս պայմաններում նույնիսկ զրո տոկոսով վարկերը չեն կարող երաշխիք լինել գյուղացու եկամուտների ավելացման համար։
Ավելին, դա կարող է ունենալ հակառակ ազդեցություն։ Անտոկոս վարկերի գայթակղությանը տրվելով՝ մարդիկ կարող են հայտնվել նոր վարկային ու պարտքային բեռի տակ։ Սրանով շատերի պարտքային բեռը կարող է ավելի արագ տեմպերով խորանալ։ Առանց այդ էլ՝ այսօր գյուղացին մեծապես ծանրաբեռնված է վարկերով։
Այնպես որ, անտոկոս գյուղատնտեսական վարկը, որն ընտրությունների նախաշեմին պատրաստվում են առաջարկել գյուղացու «անհատույց» օժանդակություն անվան տակ, իրականում կարող է նոր ռիսկեր ու խնդիրներ առաջացնել գյուղացու համար։ Չհաշված, որ «անվճար» վարկերի տրամադրումը խնդրահարույց է նաև բյուջեի առումով։ Դա նշանակում է բյուջեի ծախսերի ավելացում։ Իսկ որտեղի՞ց են վերցնելու այդ գումարները։ Բնականաբար, կտրելու են այլ ծախսերից, որոնք պակաս քաղաքական նշանակություն ու ազդեցություններ ունեն։
Այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ քաղաքական գործընթացները մտնում են նախընտրական ակտիվ փուլ։ Բոլորն էլ հասկանում են, որ այսպիսի «պատահական» համընկնումներ հենց այնպես չեն լինում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



